«Արցախցիների 97-98 տոկոսը որևէ նպատակ չունի իր հողը լքել, այստեղ է իրենց տունը, նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում». Հաթերքի գյուղապետ

Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար արցախահայերով, 40-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։

«Բնապահպանների» անվան տակ թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ խաղաղ բնակչությանը կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի շեմին։ 120 հազար բնակիչներից 30 հազարը երեխաներ են։

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում շրջափակումն իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, բայց ոչ ընկճվածություն։

168.am-ի հետ զրույցում Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ասաց, որ խնդիրներ շրջափակման պայմաններում, բնականաբար, շատ կան, բայց ամեն ինչ անում են, որպեսզի դրանք լուծեն։

Կարդացեք նաև

«Հիմնական խնդիրը կապված է դիզվառելիքի պակասի հետ, բենզինը սուղ է, գազի անջատման հետևանքով առաջանում են խնդիրներ, այսինքն՝ հիվանդանոց կամ այլ տեղ գնալու հարց է լինում, մեքենաները դիզվառելիք չունեն։ Երևի գիտեք, որ մեր համայնքն ամենամեծ համայնքն է Արցախում, ուստի խնդիրներն էլ շատ են, բայց փառք Աստծո, ի վիճակի ենք դիմակայել»,- նշեց Վարդան Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ  ճանապարհը բացելուց հետո, արցախցիները կլքեն Արցախը, Վարդան Գրիգորյանն ասաց՝ իր բնակիչների շրջանում նման խոսակցություն չի լսել։

«Գուցե լինի մարդկանց 2-3 տոկոս, որ ցանկանա այդ պահին դուրս գա Արցախից, բայց վստահ եմ, մեկ ամիս հետո կրկին կվերադառնան, ինչպես եղավ պատերազմից հետո, մարդիկ գնացին, բայց հետո վերադարձան։ Վստահեցնում եմ՝ արցախցիների 97-98 տոկոսը որևէ նպատակ չունի իր հողը լքել, նրանք գնալու տեղ չունեն, այստեղ է իրենց տունը։ Այնպես որ, նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,- շեշտեց Վարդան Գրիգորյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հաթերքցիներն իրենց հավաքած բերքով որոշ չափով կարողանում են կարիքները հոգալ, սակայն հիգիենայի պարագաների, ձեթի խնդիր կա, դիզվառելիքի պատճառով էլ հացի փուռը չի կարողանում նորմալ աշխատել։

«Այդուհանդերձ ուզում եմ ասել, որ հաղթահարում ենք, մեծ խնդրի առջև սրանք մանրուք են, դիմանում ենք»,- եզրափակեց Հաթերքի գյուղապետը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս