Փաշինյանը հրաժարվում է ռուսական առաջարկներից ու «վերադառնում» Պրահայի պլանի՞ն
Հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը, Փաշինյանը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:
«ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում։
Այս հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն, ավելի լակոնիկ, ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրությունը։ Հաղորդագրության համաձայն, պետքարտուղար Բլինքենը ողջունել է Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը և քննարկված 2 քայլերը Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու համար։
«Պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի նվիրվածությունը՝ աջակցելու ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղությանը և մեր ամուր բազմակողմ երկկողմ հարաբերություններին»,- նշված էր հաղորդագրությունում։
Իսկ ճեպազրույցի ընթացքում Նեդ Փրայսն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: «Մենք պատրաստվում ենք անել այն, ինչը, ի վերջո, առավել օգտակար է: Եվ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնք պետքարտուղարը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին մասնակցում էր պետքարտուղար Բլինքենը: Մենք դա արեցինք Բլեյր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներս մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ակնկալում ենք, որ կառուցողական երկխոսությունը կվերականգնվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ և նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով, կամ, եթե և երբ հարմար լինի, եռակողմ ձևաչափով, ինչպես արել ենք նախկինում»,- ասել է Փրայսը:
Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Իլհամ Ալիևի հետ։ «Պետքարտուղարը հնարավորություն ունեցավ զրուցելու Հայաստանի ղեկավարի հետ: Ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցելու նախագահ Ալիևի հետ»,- ասել է նա։ Ոչ պատահականորեն նաև օրերս ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ բանակցություններից հետո հայտարարում էր ռուսական առաջարկներին հավատարիմ լինելու մասին, հայտարարեց, թե ներկայումս էլ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա են պատրաստ գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ ոչ՝ երբեմն նաև Ադրբեջանի իշխանությունները գտնվում են աշխարհաքաղաքական դեգերումների մեջ՝ Մոսկվա-Արևմուտք անընդհատ ու իրար հերթ չտվող բանակցային «կանգառներով»։
Ըստ նրա, դա տրամաբանական էլ չէ, քանի որ առաջարկվող փաթեթները և՛ Մոսկվայի, և՛ Արևմուտքի դեպքում գրեթե նույնն են՝ նաև կախված նրանից, թե կողմերն ինչպես են կարողանում բանակցել և առաջ տանել իրենց դիրքորոշումները։
Նա նաև գտնում է, որ պատահական չէր, որ ՀՀ ԱԳ նախարարը հրաժարվեց մոսկովյան եռակողմ բանակցություններից։
«Պրահայից հետո ակնկալիքը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից Պրահայից տարբերվող օրակարգ ստանալն էր՝ այն դեպքում, երբ Պրահայում արդեն եղել էին շատ հստակ համաձայնություններ, որոնք վերաբերում էին ամենակարևոր հարցին՝ ԼՂ կարգավիճակի հարցին, տարածքային ամբողջականության թեմային։ Եթե ռուսական կողմը դա հիմք չընդուներ, պետք է կրկին վերադառնար անցյալի անորոշ իրավիճակին, ինչը միջնորդի համար բարդ իրավիճակ է։ Իսկ ներկայումս հասկանալով, որ սա է օրակարգը նաև ՌԴ-ի դեպքում՝ որպես միջնորդ, գործընթացը կրկին տեղափոխվում է Արևմուտք՝ ԱՄՆ համակարգմամբ, և այստեղ կարծես ինչ-որ հարցերի շուրջ կոնսենսուս կա, եթե հաղորդագրությունում նշվում է կոնկրետ քայլերի քանակ։ Բայց կարծես այս անգամ Ադրբեջանն այդքան էլ տարված չէ Արևմուտքի միջնորդությամբ։
Ադրբեջանին չեն գոհացնում թե Ֆրանսիայի հնարավոր միջնորդությունը, թե ԵՄ սպասվող քաղաքացիական առաքելությունը ՀՀ-ում։ Սա կարող է Ադրբեջանին լրջորեն հեռացնել արևմտյան միջնորդությունից։ Սակայն աշխարհաքաղաքական տուրբուլենտության փուլում ամեն բան հնարավոր է, հատկապես, երբ Ուկրաինայում տիրող իրավիճակում ՌԴ ուժեղ կամ թույլ դիրքերը ևս մեծ նշանակություն են ունենում զարգացումների վրա»,- ասաց նա։