Թուրքիան Քուվեյթին վաճառում է «Բայրաքթար» ԱԹՍ-ների խոշոր խմբաքանակ
Թուրքիան առաջիկայում Քուվեյթին կմատակարարի «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Թուրքիայի ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության և Քուվեյթի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 370 մլն դոլար: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քուվեյթը դարձել է 28-րդ երկիրը, որը անօդաչուներ կգնի Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է նաև, որ թուրքական ԱԹՍ-ները պայմանագիր կնքելուց առաջ փորձարկվել են Քուվեյթում և այդ երկրի բարձր ջերմաստիճանի ու ավազային քամիների պայմաններում կարողացել են կատարել պահանջվող առաջադրանքները:
Ավելացնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar», ընկերությունն իր արտադրած ԱԹՍ-ների վաճառքի շնորհիվ դարձել է այդ երկրի ռազմարդյունաբերության ոլորտի ամենաշատ արտահանող ընկերությունը: