Փաշինյանի «դիմադրության շարժումն» ու հունվարի 19-ի խորհուրդը
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Դուք ասացիք՝ խաղաղության օրակարգը ստորագրությունով չի սկսվում, այլ սկսվում է ստորագրությունից հետո, բայց եթե այդպես գնանք, խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, մտածողություն է, և հարցերի որոշակի դիտանկյուն է, և այնպես չէ, որ այդ մտածողությունը հենց հիմա նույնիսկ բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են խաղաղության օրակարգի կողմնակից, այնպես չէ, որ մենք որդեգրել ենք այդ մտածողությունը: Դա էլ է ճանապարհ, և այդ ճանապարհն էլ հեշտ չէ: Եվ այդ ճանապարհին, որ ասում եք՝ դիմադրություն, իսկ ո՞վ է ասում, որ դիմադրությունը ենթադրում է պայքար, իսկ ո՞վ է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է»:
Նիկոլ Փաշինյանը, թերևս, թուրք գործընկերներից սովորել է խորհրդանշական օրերին ինչ-որ հայտարարություններ կամ գործողություններ անելը:
Վաղը՝ հունվարի 19-ը, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է:
Ինչ էր ասում ՀՀ ինքնիշխանության համար պայքարի առաջամարտիկը:
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք, մեզ ապտակողին, եթե մենք նստենք լացենք, և ոչ թե պատասխան ապտակ տանք կամ պահանջենք ապտակի պատասխանը, մենք միշտ ապտակված կմնանք»:
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, դեմ է արտահայտվում ՀՀ ինքնիշխանության և անկախության պահպանման ՀՀ ազգային հերոսի փորձարկված բանաձևին: Կարո՞ղ ենք սա ընկալել «հարված թիկունքից» գորգիսյանական գաղափարախոսությանը:
Եվ հետաքրքիր է՝ Փաշինյանը գիտի, որ Մովսես Գորգիսյանի հիշատակի օրվա նախօրեին դիմադրության իր բանաձևը շատ ավելի սուր կարող է ընկալվել:
1990թ. հունվարի 18-ին լուր էր ստացվել, որ իրավիճակը կտրուկ սրվել է Նախիջևանի հատվածում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Օրըստօրե ահագնացող սպառնալիքը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները շտապում էին Երասխավան:
Մովսես Գորգիսյանն այդ օրը հիվանդ էր` ջերմություն ուներ: Գործերը շատ էին, սակայն ոչ կազդուրվելու, ոչ սնվելու, ոչ էլ քնելու ժամանակ չկար. Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր:
Իսկ 1990թ. հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրայից լսվում է Մովսես Գորգիսյանի վերջին խոսքը. «Չե՞ք տեսնում, սա խաղ է` թատրոն»:
Ըստ տարբեր տեղեկությունների, դեմքով դեպի բարձր սարը, ուր տեղակայված էր թշնամին, որին աջակցում էին խորհրդային ստորաբաժանումները, նա քայլում էր զայրացած և ձեռքերով ինչ-որ բաներ ասում: Ավարտվել էր սադրանքը, և վերադառնալ էր պետք:
Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը գտավ Մովսես Գորգիսյանին…
Ի դեպ, 2014-ին ճակատագրի հեգնանքով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական զորքերը դիվերսիայի փորձ էին կատարել ԼՂՀ ՊՆ և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Ջրաբերդ) և հարավ-արևելյան (Կորգան) ուղղություններով:
Հայ մարտիկները կանխել էին դիվերսիայի փորձը` հակառակորդին հետ շպրտելով ելման դիրքեր: Փախուստի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտները միջադեպի վայրում թողել էին քարտեզներ, զենք, տեխնիկա և պաշտպանության միջոցներ: Հայկական կողմը թույլ էր տվել, որպեսզի նրանք իրենց հետ տանեն զոհվածներին և վիրավորներին:
Մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, որը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով:
2014-ը ադրբեջանական սադրանքների առումով ակտիվ տարի էր՝ և՛ արցախյան, և՛ հայաստանյան թևում: Իսկ վերը նշված դեպքը մի տեսակ ժողովրդին ստիպեց արթնանալ: Մի բան, որ հիմա շատ ավելին է պետք, բայց արի ու տես, «նիրվանայի» մեջ ենք, թեպետ պարզ ձևով մեզ ասում են՝ խաղաղության օրակարգը նիրվանա չէ, կարող է ցավոտ լինել:
Բայց մենք այս իրողությունը թողած՝ ասես որդեգրել ենք՝ «ով է ասում, որ դիմադրությունը ենթադրում է պայքար մեր և ուրիշների մեջ»… Ու ապտակներ ենք ստանում՝ բանակից մինչև քաղաքացի…