Սթափվե՛ք. աթոռակռվի ժամանակը չէ. Ռուբեն Վարդանյանը պետք է մնա, որովհետև նրան դեմ են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները. Գրիգոր Բալասանյան

Արցախի շրջափակման 37-րդ օրն Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է Հայաստանից դեպ Արցախ գազամատակարարումը, ավելի վաղ կտրել էր նաև Հայաստանից դեպի Արցախ միակ բարձրավոլտ գիծը, ինչի հետևանքով Արցախում 4 ժամանոց հովհարային անջատումներ են։

Նման ծայրաստիճան ծանր պայմաններում՝ հումանիտար ճգնաժամում, շարունակում է ապրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունեցող 120 հազարից ավելի հայ, սակայն Հայաստանը շարունակում է հայտարարություններից զատ՝ որևէ գործնական քայլ չանել Արցախում ապրող հայերի փրկության համար՝ այդ փրկության գործը պատվիրակելով Ռուսաստանին։

168 TV-ի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, խոսելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Արցախի հայերին այդ պաշարումից փրկելու՝ Հայաստանի իշխանության անելիքների մասին՝ նշեց.

«Հայաստանի և Արցախի իշխանություններն այս 37 օրերի ընթացքում, սպասելու փոխարեն, պետք է, օրինակ, անտառների միջով բացեին այլընտրանքային ճանապարհ, որով հնարավոր կլիներ Արցախում ապրող հայերին սնունդ և դեղ մատակարարել, բայց չեն արել։ Հիմա խոսում ենք այն մասին, որ հովհարային անջատումներ են, բայց դրանք չէին լինի, եթե Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհը կառուցվեր, և այդ ճանապարհի ուղղությամբ փոխադրվեին հոսանքի գծերը։

Կարդացեք նաև

Առհասարակ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նախկին վարչապետը, պետք է պատասխանի հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը 2 տարի Արցախի պետնախարար էր, բայց Արցախում պահուստները սպառվեցին ընդամենը 21 օրվա ընթացքում։ Կրկնում եմ՝ Արցախն այլընտրանքային ճանապարհով պետք է ցույց տա Ադրբեջանին, որ եթե անգամ 30 տարի կանգնեն ճանապարհին, միևնույն է՝ Արցախին մատակարարվելու է առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Սա պետք է անել, ոչ թե սպասել, թե միջազգային հանրությունն ի՞նչ կանի. որևէ բան չի անելու»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Միջազգայնագետի փոխանցմամբ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու փոխարեն՝ Հայաստանի և Արցախի իշխանությունը զբաղված է ներքաղաքական հարցերով. վերջին շաբաթվա ընթացքում հենց դրա ականատեսն ենք։

«Սթափվեք, աթոռակռվի ժամանակը չէ։ Ակնհայտ է, եթե այդ անձին՝ Ռուբեն Վարդանյանին, դեմ է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունը, նշանակում է՝ Վարդանյանը պետք է մնա։ Այսօր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել Ռուբեն Վարդանյանի շուրջ. նա փորձում է իրավիճակը կարգավորել. Արցախում հայրենիքի փրկության կոմիտե պետք է ձևավորվի, Վարդանյանի շուրջ պետք է լայն կոնսոլիդացիա ապահովել, իսկ ովքեր դեմ են, պետք է հրաժարական տան, որովհետև այսօր դրված է Արցախի լինել-չլինելու հարցը։ Արցախի իշխանական էլիտան չպետք է ենթարկվի Ադրբեջանի պահանջներին՝ Հայաստանի իշխանությունների թելադրմամբ։ Իսկ եթե պետք է Հայաստանի իշխանությունը իրեն չենթարկվելու համար Արցախին զրկի փողից, ապա թող զրկի. եթե քաղաքական քմահաճության համար 120 հազար մարդու պետք է կանգնեցնեն խնդրի առաջ ու գումարը կտրեն, թող կտրեն»,- ասաց Գրիգոր Բալասանյանը: Ապա Արցախում ապրող 120 հազար հային ադրբեջանցիների հետ ապրելու կոչ արած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին էլ կոչ արեց վերցնել ընտանիքն ու տեղափոխվել Արցախ՝ ադրբեջանցիների հետ ապրելու։

«Այն մարդիկ, որոնք նման թեզ են դնում շրջանառման մեջ, կոչ եմ անում վեր կենան ու գնան Արցախ, ապրեն ադրբեջանցիների հետ, լսեն ադրբեջանական մուղամն ու իրենց բիզնեսները տեղափոխեն Ադրբեջան ու քիրվայություն անեն ադրբեջանցիների հետ»,- ասաց Բալասանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս