Հայաստանում ապրողները պետք է գիտակցեն, որ վաղը նման իրավիճակում կարող է հայտնվեն իրենք. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող երակի՝ Քաշաթաղի միջանցքի 37-օրյա ադրբեջանական շրջափակմանը՝ արձանագրեց. «Անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում»:
Պատգամավորը պարզաբանեց՝ թեև Կարմիր խաչի կոմիտեն հումանիտար տարբեր խնդիրներ է փորձում լուծել, սակայն այդ ջանքերը բավարար չեն, իսկ միջազգային դերակատարները, որոնք առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար:
«Չնայած հարցը քննարկվեց ՄԱԿ ԱԽ-ում, որոշ հասցեական հայտարարություններ հնչեցին՝ սակայն այն որևէ որոշակի շարունակություն այդպես էլ չունեցավ:
Հասկանալի է, որ միջազգային դերակատարները, կառույցներն ունեն գործելու և Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություններ, սակայն նրանց հետ ՀՀ իշխանությունը հետևողական աշխատանք չի տանում, և խոսում ու արձանագրում ենք, որ միջազգային խաղացողները գործելու ավելի մեծ հնավորություններ ունեն, քան գործում են, իսկ Ադրբեջանի կիրառած այլանդակ միջոցներն ընդլայնվում են:
Այստեղ չափազանց մեծ պատասխանատվություն ունի նաև ՀՀ իշխանությունը. Ադրբեջանը գործում է այնքան, որքան նրան իր դիրքով, քաղաքական կուրսով և հակազդելու հնարավորությունով թույլ է տալիս Հայաստանը, իսկ հավաքական առումով, միջազգային հանրության արձագանքը համարժեք է արտաքին աշխարհի հետ Հայաստանի իրականացրած ջանքերին, որոնք ակնհայտորեն անբավարար են:
Մյուս կողմից՝ զարմանալի չէ, որ այս իրավիճակն ունենք, քանի որ իշխանությունն ինքն է պարզ տեքստով հայտարարում, որ Արցախի մասով պատրաստ է միջամտել բացառապես սոցիալ-տնտեսական, հումանիտար բնույթի հարցերով, իսկ խնդրի քաղաքական և ռազմական բաղադրիչը Ռուաստանի, Ադրբեջանի ու Արցախի իշխանությունների կարգավորման տիրույթում է:
Արցախին այս ծանր իրավիճակում միայնակ, բախտի քմահաճույքին թողնելը ոչ այլ ինչ է, քան թշնամություն սեփական ժողովրդի նկատամամբ:
Արցախում իրավիճակն օր օրի առավել ծայրահեղ բնույթ է ստանում՝ իր հետ բերելով նորանոր բարդություններ: Մեր հայրենակիցները, արյունակիցները մեր կարիքն ունեն, որովեհետև առանց ՀՀ ամբողջական միջամտության՝ Արցախի համար չափազանց բարդ է լինելու:
Ցանկացած մարդ, որ ապրում է Հայաստանում, պետք է գիտակցի, որ վաղը նման իրավիճակում կարող է հայտնվել հենց ինքը, իր ընտանիքը և իր հարազատները»,- մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում