«Առաջին անգամ ԱԺ-ն չի ընդունում մի փաստաթուղթ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց, որ ժողովրդի մեջ մի խոսույթ կա՝ ասում են՝ «դե, Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, գրպանն էին գցել այս ամենը»։

Այս ամենը հաշվի առնելով՝ Մամիջանյանն ասաց, որ կներկայացնի բացառապես փաստեր, ու վերջում նույն հայրենակիցների հետ կփորձեն հասկանալ՝ ով ում գրպանն ինչ գցեց։

«Պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական Երևանն ու Արցախը հակասություններ ունեն միմյանց հետ Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Ընդ որում, պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ Արցախը չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը դա չի ասում։

Առաջին անգամ Երևանում պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ-ն և ռուսական բազան Հայաստանի անվտանգության սպառնալիք են։ Առաջին անգամ Հայաստանը մերժեց Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ զորավարժություններ, նաև մերժեց ՀԱՊԿ օգնության փաթեթը, որը ներառում էր սպառազինության տրամադրում Հայաստանին։ Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Հայաստանի կողմից հիմնական բանակցողը ներմուծեց բանակցային գործընթաց Ալմա Աթայի հռչակագրի թեզը, որն աղերս չի կարող ունենալ Արցախայն հակամարտության կարգավորման հետ, այն պարզ պատճառով, որ դրանից մոտ 20 օր առաջ Արցախը ռեֆերենդումով անկախ է հռչակվել։ Նաև այն պատճառով, որ Հայաստանը դրան միացել է վերապահումով»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շարունակելով թվարկել փաստերը՝ հայտարարեց, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի անունից բանակցողը շրջանառեց ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք մշտապես եղել են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզ։

«Առաջին անգամ ԱԺ ամբիոնից հնչեց, որ մեզ զենք չեն վաճառում, երբ Արցախը բլոկադայի մեջ էր, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը միայն 8-րդ օրը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, այն էլ, իմ տեղեկություններով՝ դա եղել է պլանավորված հանդիպում, այլ ոչ թե իրավիճակով պայմանավորված։ Առաջին անգամ ՀՀ ԱԺ-ն հրաժարվել է ընդունել մի փաստաթուղթ, որտեղ հստակ գրված է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս