
Ինչո՞ւ Երևանում չեն գործում 65, 41, 67, 36 երթուղիները. Պարզաբանում քաղաքապետարանից

Օրերս Երևանի մասնավորապես Չարբախ թաղամասում բնակվող քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են, որ 65 համարի միկրոավտոբուսները հանվել են երթուղուց, ու իրենք ստիպված մեծ մասամբ օգտվում են տաքսի ծառայություններից:
Նրանց փոխանցմամբ՝ չեն գործում նաև 41, 67, 36 երթուղիները:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ բոլոր այն երթուղիները, որոնք ընթացքում փակվել են, հատկապես սպիտակ «Գազել»-ները, 15 տարին լրացած է եղել: Ու, քանի որ տնտեսվարող սուբյեկտները, ցավոք, երթուղիները չեն ցանկացել համալրել սեփական միջոցներով, քաղաքապետարանը հընթացս պետք է նաև բոլոր այդ երթուղիները լրացնի, որոնց թվում՝ նաև նշված երթուղիներից մի քանիսը:
«41 երթուղու փոխարեն՝ 39-ի վերջնականգառն է երկարացվել Չարբախի կողմից, իսկ Մամիկոնյանց փողոց հասնում է 24 համարի երթուղին: Կոնկրետ նույն ուղեգծով 41-ի փոխարեն նոր երթուղի չի մտել: 65 համարի երթուղայինը Աերացիա (Երևանի թաղամաս) էր հասնում, դրա փոխարեն՝ Մոնումենտի կողմից 62 միկրոավտոբուսն է, որը նույնպես հասնում է Աերացիա: 15 և 12 համարի ավտոբուսները նույնպես սպասարկում են վերոնշյալ թաղամասը: 67 համարի երթուղայինների 15 տարին լրացած է եղել, շահագործումից հանվել են, բայց շուտով դրանց կփոխարինեն միկրոավտոբուսները: 36 համարի երթուղայինի դեպքում տնտեսվարող սուբյեկտն է հրաժարվել գծի սպասարկումից: 36-ին մասնակի փոխարինում է 22 համարի միկրովտոբուսային երթուղին, որը Սպանդարյան փողոցից հասնում է Բանգլադեշ»,- նշեցին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են երթուղի դուրս գալու նոր ավտոբուսները, վարչությունից հայտնեցին, որ նոր ավտոբուսներընախատեսում են շահագործել մարտ ամսին: