«Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառո՞ւմ եք Արցախը». Թևանյանը՝ իշխանությանը
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, միևնույն ժամանակ հիշեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, որ մեկ ամիս առաջ էին ասում, թե՝ իրավիճակը մի սրեք, որ ճանապարհը բացվի, սակայն մեկ ամիս հետո Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Նա իշխանական պատգամավորներին հարց տվեց, թե ճանապարհը բացելու համար իշխանությունն ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել, բացի նրանից, որ հայտարարում են, թե Արցախին գումար են տրամադրում։
«Նիկոլ Փաշինյանը հայտարաում է, որ մեր ու Արցախի տեսակետները նույնական են, բայց մենք տեսանք, որ դրանք, մեղմ ասած, նույնական չեն։ Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի ժողովուրդն է որոշողը, ինքը չի կարող բանակցել նրանց անունից, այդ դեպքում ինքն իրեն ի՞նչ իրավունք է վերապահել Պրահայում որոշում կայացնել Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ և հիմա էլ հայտարարություններ անել Ղարաբաղի մասով։
Ես ուղիղ հարցնում եմ՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելը բացառո՞ւմ եք, թե՞ ոչ, և ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառո՞ւմ եք Արցախը»,- հարցով ամփոփեց խոսքը Անդրանիկ Թևանյանը։
Սակայն նրա բարձրացրած հարցերին այդպես էլ հստակ պատասխան չեղավ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում