«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հեղինակազրկել ռուս խաղաղապահներին. Արցախի ԱԳ նախարար

«Ռուս խաղաղապահների ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ավարտին հասցնելու նրանց ծրագրերը՝ Արցախը հայաթափելու»,- այսօր «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որպեսզի հայկական բնակչությունը դժգոհության ալիք բարձրացներ ռուսական խաղաղապահների նկատմամբ․

«Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուսական խաղաղապահների գործունեությունը։ Ստեղծված իրավիճակում հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ խոչընդոտել թե պարենային մթերքների, թե դեղորայքի ներկրումն Արցախ, ռուս խաղաղապահների դերակատարությունը շատ կարևոր նշանակություն է կրելու նաև այն առումով, որ այդ խնդիրներում պետք է ակտիվ ներգրավված լինեն, որպեսզի անհրաժեշտ ծավալով և պարենային մթերքներ, և դեղորայք իրենց միջնորդությամբ ներկրվի Արցախ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհը փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս