«Խնդիրներին մենք դիմանում ենք ու պետք է դիմանանք». Ստեփանակերտի քաղաքապետ
Արդեն 32-րդ օրն է՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպանների», իսկ իրականում՝ թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից։ 32 օր է, Արցախի 120 հազար բնակիչ, որից 30 հազարը՝ երեխաներ, 9 հազարը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, զրկված են տեղաշարժվելու՝ արտաքին աշխարհ դուրս գալու իրենց հիմնարար իրավունքից։ Ադրբեջանը փաստացի ահաբեկչություն է իրականացնում 120 հազար արցախահայերի նկատմամբ՝ զրկելով նրանց բուժվելու, տուն վերադառնալու և այլ հնարավորություններից։
Շրջափակումն ի՞նչ խնդիրներ է առաջացրել մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպե՞ս են կարողանում լուծել դրանք։
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այս հարցերին ի պատասխան՝ նախ նշեց, որ խնդիրներ են առաջացրել՝ ինչպես հոսանքի, այնպես էլ՝ սննդի ու դեղորայքի մատակարարման հետ կապված։
«Մենք կարողանում ենք ժողովրդին ցույց տալ, ապացուցել, որ սրանք խնդիրներ են, որոնց մենք դիմանում ենք ու պետք է դիմանանք։ Այսինքն՝ դիմանում ենք ու պետք է դիմանանք։ Հիմա ձյունը եկել է ու ցուրտ է, մենք ինչով կարողանում ենք, բնակիչներին օգնում ենք, հասկանանք՝ հետո ինչ է լինելու։
Մանկապարտեզները չեն աշխատում, երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, սա էլ է մեծ խնդիրներ առաջացնում»,- նշեց Դավիթ Սարգսյանը։
Ըստ նրա՝ հայաստանյան հասարակությունը պետք է ակտիվ լինի, ցույց տա, որ Արցախում ստեղծված իրավիճակին դեմ է, և իր բողոքի ձայնը հասցնի ամբողջ աշխարհին։
«Պետք է աշխարհին ցույց տան, որ Արցախում մարդիկ բլոկադայի պայմաններում են ապրում, որ ո՛չ մի ճանապարհ ու մատակարարում չկա։ Հայաստանյան հասարակությունը պետք է աշխարհին ցույց տա, որ Արցախում մարդիկ 21-րդ դարում ապրում են բլոկադայի պայմաններում»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Հունվարի 10-ի տվյալներով՝ շրջափակման չորս շաբաթների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ ընդհանուր 18 ծանր հիվանդ է տեղափոխվել Հայաստան, այդ թվում՝ երեխաներ։