«Արցախցի երեխաներն այսօրվանից հաճախում են Գորիսի հանրակրթական դպրոցներ, նաև երաժշտական դպրոց». Սյունիքի մարզպետի օգնական

Արցախի՝ ադրբեջանական շրջափակման հետևանքով՝ բազմաթիվ ընտանիքներ արդեն 30-րդ օրն է, բաժանվել են երկու մասի, մի մասը մնացել է Արցախում, մի մասը Երևանից ու Գորիսից չեն կարողանում հասնել Արցախ։ Հայաստանում մնացել են բազմաթիվ երեխաներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց ծնողներին։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանն ասաց, որ ճանապարհը փակվելու հետևանքով արցախցիներին, որոնք չէին կարողացել տուն հասնել, տեղավորել են Գորիսի հյուրանոցներում, նրանց թվում կան բազմաթիվ երեխաներ։

«Թե կոնկրետ քանի հոգի արցախցի կա Գորիսում, թիվ չեմ կարող նշել, թե քանիսը կան Սյունիքում, նույնպես թիվ չեմ կարող ասել, քանի որ այս դեպքում անհնարին է, որովհետև մարդիկ կան՝ ինքնուրույն են տեղավորվել բարեկամների ու ծանոթների տներում։ Այն մարդիկ, որոնք դիմել են մարզպետարան, քանի որ կացարանի խնդիր են ունեցել, մենք նրանց տեղավորել ենք Գորիսի հյուրանոցներում։ Այսինքն՝ մարզպետարանը հոգում է նրանց և՛ կեցության, և՛ սննդի հետ կապված հարցերը։

Այստեղ մնացած արցախցի երեխաներն այսօրվանից հաճախում են Գորիսի հանրակրթական դպրոցներ։ Ովքեր հաճախել են այլ դպրոցներ, երաժշտական և այլն, և ցանկանում են հաճախել այստեղի դպրոց ու ընդգրկվել դասընթացներում, նրանք ևս գնում են։ Չգիտեմ, թե այս երեխաներից քանիսն է հոգեբանորեն պատրաստ հաճախելու դպրոց՝ ընտանիքից կտրված պայմաններում»,- նշեց Արմինե Ավագյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հնարավորություն է տրվել երեխաներին զբաղվել այն ամենով, ինչով նրանք զբաղվել են Արցախում, որպեսզի իրենց ուսումնական գործընթացից հետ չմնան ու չկտրվեն։

«Մարզպետարանից պարբերաբար այցելում են արցախցիներին, զրուցում նրանց հետ, բոլորի տեղն էլ գիտենք՝ անուններով, ով ինչ հարցով դիմում է, մարզպետարանի կողմից լուծում է տրվում»,- եզրափակեց Սյունիքի մարզպետի օգնականը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս