Արցախցին կկարողանա հաղթահարել նաև այս դժվարությունը. Լևոն Բլբուլյան
26 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Բանաստեղծ Լևոն Բլբուլյանը վստահ է՝ հուսահատությունն ու ցավը մի կողմ նետելով՝ հայը, արցախցին կկարողանա հաղթահարել նաև այս դժվարությունը:
«Ոտքի կանգնելու, առաջ գնալու, մեր երազած երկիրն ունենալու համար շարունակ տրտնջալն ու «հայի բախտն» անիծելը, բողոքել-հայհոյելը ոչի՛նչ են, պետք է հուսահատության, անելանելիության պարբերաբար նորոգվող ցանցը պատռել անվերջ ու գործել, ինչ-որ բան տեղից շարժել՝ յուրաքանչյուրն իր տեղում ու իր չափով: Մեր երազած հայրենիքն ուժեղ, զարգացած ու ապահով Հայաստանն է, ինչպես նաև հոգևոր Հայաստանը, որը կերտողները գրողն ու գիտնականն են, բոլոր իսկական արվեստագետները, մշակույթի, կրթության ոլորտի մարդիկ»,- մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծը:
Լևոն Բլբուլյանը տեղեկացրեց, որ Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ տպագրության է պատրաստվել «Հայ զինվորը» խորագրով մի ժողովածու, որում տեղ են գտել այդ թեմայով իր ստեղծագործություններից ևս:
«Գրքում կտպագրվի նաև սիրված երգահան Էդգար Գյանջումյանի հետ համատեղ մեր «Քեզ չենք դնի բացակա» երգը՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում ընկած հերոսների անմահ հիշատակին: Երգի հիման վրա հուզիչ մի տեսահոլովակ է նկարահանվել, որի պրեմիերան վերջերս կայացավ մի քանի հեռուստաընկերություններում՝ մեր և տեսահոլովակի հեղինակ Արսեն Առաքելյանի մասնակցությամբ: Քանի որ խոսեցի երգից, ասեմ, որ տարվա ընթացքում էլի մի քանի նոր երգ է ծնվել իմ խոսքերով, հիմնականում քրոջս՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ. վերջերս նրա երգերի՝ Փարիզում թողարկված հայերեն-ֆրանսերեն «Սա է կյանքը» ալբոմում հայերեն հինգ երգերն իմ խոսքերով են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: