«Եթե դաշնակիցդ 30 տարի նորմալ պարտավորությունները կատարել է, իսկ հիմա խնդիրներ կան, ուրեմն խնդիրները՝ Նիկոլ, փնտրի քո մեջ»․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասել էր․ «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը»։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը սոցիալական ցանցերի իր էջերում արձագանքել է այս պնդմանը՝ գրելով․ «Դու Արցախը վաղուց ես միայնակ թողել, դաշնակցի վրա մի բարդի քո կերած «բողկերը»։

Երբ 2020-ից հետո Արցախ վախենում ես գնալ,

մոռանում ես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին,

Շուշին ու Հադրութն օկուպացված չես համարում,

Գորիս-Կապան մայրուղին լուռ հանձնում ես Ադրբեջանին,

Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չես անում,

Արցախից ձեռքերդ լվանում ես,

Ալիեւից ավելի լավ ես հիմնավորում,որ Արցախը պետք է անցնի Ադրբեջանին,

ինքդ միայնակ ես թողնում Արցախի հայությանն ու բողոքում ես դաշնակիցներից՝ առնվազն ամանորյա պոպուլիզմ ու անամոթություն է։

Այս վիճակն ավելի է վատանալու,եթե նիկոլիզմը մնաց։

2023-ին Հայաստանի ու Արցախի փրկության առաջին քայլը կարող է լինել պոպուլիստ ու ապազգային ռեժիմը հեռացումը։

Հ.Գ. Եթե դաշնակիցդ 30 տարի նորմալ պարտավորությունները կատարել է, իսկ հիմա խնդիրներ կան, ուրեմն խնդիրները՝ Նիկոլ, փնտրի քո մեջ։

Ինչպե՞ս եղավ Սերժ Սարգսյանին «Իսկանդեր» ու 50 հազար տոննա անվճար զենք էին տալիս,

ՀԱՊԿ-ն դատապարտում էր Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ քո ժամանակ հանկարծ վստահելի դաշնակիցը «վատը» դարձավ։

Քիչ խաղեր տայիր Արեւմուտքում ու Թուրքիայում դաշնակցիդ թիկունքում…

Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»։

Տեսանյութեր

Լրահոս