Ինչով է ավարտվում և սկսվում տարին

1. Արցախը խեղդամահ են անում
2. Ջերմուկի մատույցներում՝ պատերազմ
3. Թշնամու կողմից ութ նոր գյուղի պահանջ
4. Հրաժարում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից
5. Հրաժարում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունից
6. Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ սրում
7. Մոլորված, շփոթված հասարակություն
8. Բացարձակ սպառված ընդդիմադիր ձևաչափեր (ներառյալ՝ նախընտրական ԱԺ դաշինքները և նախկին նախագահների ձևաչափը)
9. Գործող վարչապետի հայտարարությունը՝ խիստ հավանական նոր ռազմական սադրանքների մասին։

Այս պաշարով ենք մենք փակում օրացուցային տարին և սկսում նորը։ Սա կոչվում է պետականության սուր ճգնաժամ, որի մի ելքը պատմական ողբերգությունն է, մյուսը՝ հրաշքով պետություն պահելը։ Բայց որպեսզի այդ հրաշքը տեղի ունենա, պետք է մեծ, շատ մեծ ջանք թափել, որի առանցքում մի քանի սկզբունք է՝ նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր մթնոլորտ երկրում, նոր իշխանություն։

Ողբերգության, թե հրաշքի ընտրությունը, կարծում եմ, լինելու է այս տարի։ Հետևաբար՝ ժամանակ գրեթե չկա։ 2023-ը ինչ-որ իմաստով բոլորիս համար լինելու է նոր կենսական միջավայր։ Իսկ նոր միջավայրերը ծնում են իրենց հերոսներին ու իրենց արժեքները։ Նոր դժվար պայմաններում կտեսնենք նաև, թե ինչպես շատերը անսպասելիորեն կլռեն, կհամակերպվեն, կգնան գործարքների, ոմանք՝ կհանգրվանեն ապահով ու անվտանգ երկրներում՝ վայելելով այս երկրից տարածը։

Իսկ հրաշքի դեպքում կլինի այն բարդ ու կարևոր ներհայկական առողջացման դիսկուսիան (կամ գուցե՝ «ռազբորկան»), թե ինչու այսպես եղավ, թե ինչու 30 տարում հասանք այս օրվան, թե ով ինչպես պահեց իրեն, և ամենևին՝ ոչ միայն 2018-ից սկսած։

Այս օրերին բոլորն իրար մաղթում են «մենակ խաղաղություն» լինի։ Համատարած։ Չկարողացանք մարդկանց բացատրել, որ դեպի աղետ մեզ տանում են այն քայլերը, որոնց հանդեպ իրենք անտարբեր են եղել, մի կողմ քաշված են եղել, լռել են։ Առաջին հայացքից անհնար է թվում, որ չորս տարի շարունակ մի ժողովուրդ պատերազմի ու աղետների միջով անցնի, անընդհատ գոյաբանական սպառնալիքի տակ գտնվի, ու նա ոչ մի հետևություն չանի, ու ոչինչ չփոխվի՝ աղետից աղետ։ Սա երկու բացատրություն կարող է ունենալ. կամ հասարակության դիմադրողականությունը լրիվ կոտրված է, «հանձնված» ժողովուրդ է, կամ, որ պարզապես այդպես էլ չենք գտել այս ժողովրդի հետ աշխատելու, նրանց իրականությունը բացատրելու եղանակը:

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս