Արցախյան իշխանությունները պատրաստ են որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում․ Արայիկ Հարությունյանը՝ Լավրով-Բայրամով հանդիպման մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:
Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ բնապահպանների այց հանքավայր:
Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով մուտք չեն գործել հանքավայր: Դրանից հետո նրանք սկսել են ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը՝ ոչ միայն հարուցելով լուրջ հումանիտար խնդիրներ Արցախի 120 հազար բնակչության համար, այլ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Հուսով ենք՝ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը:
Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ արցախյան իշխանությունները այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում: