«Ի վերջո, ի՞նչ խոսեցին Լավրովն ու Բայրամովը». Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ի վերջո, ի՞նչ խոսեցին Լավրովն ու Բայրամովը՝
– Ըստ Լավրովի՝ Արարատ Միրզոյանը հրաժարվել է հանդիպումից, մինչդեռ կարող էր գալ և մանրամասն ներկայացնել իրավիճակը Լաչինի միջանցքում: Լարվրովը առանձնակի սրտնեղել էր, որ Միրզոյանը բարդ պահերին եղել է Պրահայում, Նյու–Յորքում, բայց չի եկել Մոսկվա:
– Բայրամովը երկար–բարակ խոսեց հանքի վերաբերյալ ադրբեջանական նարատիվի մասին: Վերջում կրկին հիշեց Ռուբեն Վարդանյանին՝ նշելով, որ որքան շուտ Վարդանյանը դուրս գա Արցախից, այնքան լավ տեղական բնակչության համար: Ի պատասխան՝ Լավրովն ասեց, որ Վարդանյանը որևէ կապ չունի ՌԴ–ի հետ, ավելին՝ Վարդանյանը չունի ՌԴ քաղաքացիություն: Ակնարկում էր, որ ադրբեջանական կողմը դադարեցնի մեղադրել իրենց այս հարցում:
– Իհարկե, անդրադարձան Փաշինյանին, ԵԱՀԿ–ից կամ ՄԱԿ–ից այլ միջնորդներ բերելու նրա առաջարկին, որը ծանր են տարել Մոսկվայում: Նշեցին, որ Փաշինյանը առանց որևէ բան նախապես, դիվանագիտորեն քննարկելու, միանգամից պոպուլիստական հայտարարություններով է հանդես գալիս և բարդացնում վիճակը: Լավրովը նաև նեղվել էր իրենց խաղաղապահներին ուղղված քննադատությունից, թեև արձանագրեց, որ խաղաղապահների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա նաև Ադրբեջանում:
– Ասուլիսի ամենակարևոր հատվածը դա այն է, որ Լավրովը նշեց, որ հանքի հետ կապված պայմանավորվածությունները խախտել է Ղարաբաղի ղեկավարությունը (руководство Карабаха): Սա հնարավորություն է, որ Արցախը որպես առանձին սուբյեկտ պատասխանի այս մեղադրանքներին:
Փաստացի՝ Լավրով–Բայրամով երկկողմ օրակարգը ոչ այլ ինչ էր, քան զրույց ՀՀ–ի ու Արցախի մասին: Իսկ Վարդանյանի հետ կապված ադրբեջանական հիստերիան գնալով մեծ ծավալներ է ստանում»։