Արցախցի ակտիվիստները ռուս խաղաղապահներից տեղում պահանջել են անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն երթևեկությունը
Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած ադրբեջանցիների կեղծ բնապահպան լինելը ապացուցելու և նրանց պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը և մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից երթով շարժվել են դեպի Շուշի:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտ- Շուշի տանող ճանապարհին ռուս խաղաղապահ զորակազմի առաջին անցակետում նրանց չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ ներկայում բանակցությունները շարունակվում են ճանապարհը բացելու համար, իսկ նման նախաձեռնությունը ավելի կսրի իրավիճակը:
Ակտիվիստները ներկայացրել են ճանապարհի անհապաղ բացման արցախահայության արդարացի պահանջը, հիմնավորելով, որ, ըստ եռակողմ հայտարարության, Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվել է Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով ապահովել անխափան և անվտանգ երթևեկություն Լաչինի միջանցքով։
Երթի մասնակիցները պահանջել են նաև մինչև դեկտեմբերի 24-ը կամ վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, կամ նրանք կվերադառնան ավելի մեծ խմբով, պահանջատեր լինելու ծառացած հումանիտար խնդիրներին։
Ի դեպ, երթին մասնակցում էին նաեւ ճանապարհի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած երեխաների ծնողներ, որոնց ռուսական կողմն առաջարկել է միանգամյա ուղեկցությամբ տուն հասցնել երեխաներին, ինչին նրանք չեն համաձայնվել, նշելով, որ իրենք խնդրի լուծմանը համաձայն են միայն երթևեկությունը բոլորի համար վերականգնելու պայմանով։
Posted by Sosé Balasanyan on Friday, December 23, 2022