ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը, կարմիր գծերը. Կարեն Միրզոյան

12-րդ օրն է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի շուրջ 120.000 հայերի: Ու թեև ՀՀ իշխանություններն այս ընթացքում ահազանգել են ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ, տարբեր երկրների քաղաքական ղեկավարությունների, այդուհանդերձ, իրավիճակը դեռևս մնում է չհանգուցալուծված:

Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, սակայն, համոզված է՝ իրավիճակը թեև ողբերգական է, սակայն անելանելի չէ:

«Ելքեր, իհարկե, կան, սակայն ամենակարևոր հանգամանքն իշխանությունների պատրաստակամությունն է՝ ակտիվ աշխատել այդ ուղղությամբ, այլ ոչ թե հույս դնել այս կամ այն երկրի, միջազգային կառույցի միջնորդության վրա: Մինչև ակտիվ, ազդու քայլեր չձեռնարկվեն ՀՀ իշխանությունների կողմից, որևէ լուծում այս հարցում ակնկալել երրորդ երկրից կամ կազմակերպությունից՝ իրատեսական չէ,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Կարեն Միրզոյանը, ապա հստակեցնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ նախևառաջ ընդգծեց,- ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը, կարմիր գծերը, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը, ազատ փոխադրման իրավունքը սակարկության առարկա չի կարող լինել: Ցավոք սրտի, նման հստակ դիրքորոշում չենք լսել»։

Մոսկվայի հանդիպմանը չմասնակցելն ինչպե՞ս կազդի առկա գործընթացների վրա՝ մեր հարցադրմանը Արցախի ԱԳ նախկին նախարարը դժվարացավ պատասխանել՝ նկատելով, որ հանրությունը տեղյակ չէ բանակցային գործընթացի վերջին զարգացումներից:

«Այն, ինչ տեղեկացնում են, կցկտուր, երբեմն՝ հակասական տեղեկություններ են: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները գնացել են այդ քայլին՝ հրաժարվել են հանդիպումից, պետք է հստակ արտաբերեն, թե ինչու են հրաժարվել: Ցավոք սրտի, այն հայտարարությունը, որ շրջանառվել է ԱԳՆ-ից, շատ մեղմ էր և չէր արտացոլում հրաժարվելու իրական պատճառները»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ երկրորդը մեկ ամսվա ընթացքում։

Հայկական կողմը խնդրել է հետաձգել եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով, որ այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Այդուհանդերձ, Սերգեյ Լավրովը շեշտել է, որ «այն մեթոդը, որով տեղեկացրել են հանդիպմանը ՀՀ չմասնակցության մասին, հարցեր է առաջացնում»:

Տեսանյութեր

Լրահոս