«Եթե դա արվում է բարձրախոսով, ապա պետք է․․․». Լավրովը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը հստակորեն իրականացնում է այն խնդիրները, որոնք հստակեցված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում»,- այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներին։
Նա հիշեցրեց, որ տեղում իրավիճակը շատ բարդ է, ռուս զինվորականների համար ստեղծվում են ոչ փոքր խնդիրներ, այդ թվում՝ եռակողմ հայտարարություններով ամրագրված ռեժիմի խախտմամբ և պայմանավորվածությունների խախտմամբ։
«Եվ մեր զինվորականները ենթարկվում են անհիմն մեղադրանքների։ Եթե ինչ-որ մեկը համարում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կամ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է փոխարինեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտին, այստեղ ամենաքիչը մի շարք հարցեր են առաջանում։ Առաջինը՝ դա անելու համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի, եթե նման հետաքրքրություն կա, դա լուրջ հետաքրքրություն է, ապա երևի թե դա առաջին հերթին պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուս խաղաղապահներ տեղակայել և արտահայտվել այն բանի օգտին, որպեսզի նստեն բանակցային սեղանի շուրջ և քննարկեն այլ տարբերակ։
Եթե դա արվում է բարձրախոսով, հրապարակային, ապա պետք է երևի թե հենց այդպես էլ դրան վերաբերվել, որ դա հրապարակային դիրքորոշման, գնահատականի բաղադրիչ է։
Երկրորդ մեկնաբանությունն այս թեմայով՝ եկեք դիտարկենք, թե ինչ արդյունքների են հասնում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ առաքելությունները, ինչ արդյունքների են հասնում երաշխավոր երկրները, որոնցից վերջերս ևս սկսում են խոսել, և ինչ արդյունքների են հասել այդ երաշխավոր երկրներն Ուկրաինայում»,- ասաց Լավրովը։