«Երկու լավ նորություն ունեմ»․ Աղվան Վարդանյան
«Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձնված է, երկրորդ ճանապարհ չկա։ ՔՊ-ի խոստացած երրորդ՝ Կապան-Ջրական (Ջաբրայիլ) ճանապարհը, կարծեմ՝ չի կառուցվել։ Հիմա էլ Լաչինի միջանցքը, որ կարծեմ՝ նախկիններն են բացել։ Ծայրահեղ սահմանային իրավիճակ, նոր բան չէ, 1990-1992 թվականներին էլ էր Արցախը շրջափակված՝ բոլոր կողմերից, Հայաստանի հետ միակ կապն ուղղաթիռն էր, բայց կա մի աննշան տարբերություն, այն ժամանակ և՛ Արցախում, և՛ Հայաստանում իշխանություն կար, երկուսի նպատակը նույնն էր՝ անկախ պետականություն և Արցախ, Արցախ՝ իբրև անկախ պետականության հիմք։
Հիմա Հայաստանում ՔՊ իշխանություն է, առանց պետական մտածողության, առանց Արցախի։ Իշխանություն՝ իշխանության համար։ Արցախում նույն վիճակն է կամ սրա ածանցյալը՝ նաև խառն են։ Բնականաբար, չկա համախմբում, չկա քաղաքական, պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու։
Միակ քաղաքականությունը՝ խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն, մուրացկանություն։ Մուրացկանին չե՛ն հարգում, խղճո՛ւմ են, օգնեն էլ, մուրացկան է մնալու։ Այսինքն՝ պետություն չկա, որ իրեն պարտադրի, որ իր շահը դարձնի այլոց շահը»,- ասաց Աղվան Վարդանյանը, ապա դիմելով ԱԺ նիստերի դահլիճում նստած պատգամավորներին, ասաց՝ 2 լավ նորություն ունի։
«Առաջին։ Ինչպես 90-ականներին, ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով։ Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու»
Երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի՛ լինելու»։