«Թշնամին Վերին Շորժայի ուղղությամբ առաջխաղացում չի ունեցել, բնակավայրերի ուղղությամբ կրակոց չի եղել»․ Էդգար Պետրոսյան
Թշնամին այսօր ժամը 03:15-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկացրեց, որ հայկական կողմը կորուստներ չունի, ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը ժամը 11։00-ի դրությամբ շարունակում է մնալ հարաբերական կայուն։
Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ եղե՞լ են, թշնամին առաջխաղացում ունեցե՞լ է, թե՞ ոչ։
«Բնակավայրերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել, որևէ առաջխաղացում չի եղել։ Որքանով տեղյակ եմ՝ սեպտեմբերի 13-14-ից հետո դիրքային մարտեր չեն եղել։ Պաշտպանության նախարարությունն ինչ ինֆորմացիա տալիս է, դրանից ավելին չի էլ լինում, ՊՆ-ի փոխանցածը հավաստի է»։
Էդգար Պետրոսյանին հարցրեցինք՝ թշնամին երեկ միայն Վերին Շորժայի՞ ուղղությամբ է կրակել, թե՞ այլ բնակավայրերի ուղղությամբ ևս կրակոցներ եղել են․
«Գիշերը միայն Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ են կրակել։ Վերջին շրջանում Սոթքում ընդհանրապես կրակոցներ չեն եղել, մի քանի անգամ Կուտականի հատվածում է եղել՝ շատ թեթև, էլի դիրքերի ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Կութի, Վերին Շորժայի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։
Թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 200-ից ավելի զոհ։