ԱՄՆ կոնգրեսականները դատապարտում են Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակելու համար

Քանի որ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Հայաստանը և Արցախը իրար կապող միակ ճանապարհը, ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել այս խնդիրը: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում:

Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Բայդենի վարչակազմին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ճանապարհն ապաշրջափակելու և Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Կոնգրեսական Շիֆն ընդգծել է, որ Ադրբեջանը միտումնավոր արգելափակում է Արցախի միակ կապը սննդի, բժշկական պարագաների և ջերմության հետ ձմռանը՝ հումանիտար ճգնաժամն անվանելով «Հայաստանի դեմ Ալիևի շարունակվող ահաբեկչության մաս»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր հայտարարության մեջ քննադատել է Ալիևի «ձմեռային զենքն» արցախցիների դեմ: Մենենդեսի համոզմամբ՝ աշխարհի ժողովրդավարական երկրները պետք է անհապաղ դատապարտեն Ալիևին գազի խափանումների և շրջափակման համար:

Նա անդրադարձել է նաև Թուրքիային՝ նշելով, որ վերջինս աջակցել է Ադրբեջանին զինելու հարցում: Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն պետք է Էրդողանին պատասխանատվության ենթարկի իր վարքագծի համար:

Կոնգրեսական Աննա Էշուն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի «դաժան շրջափակումը», իսկ պատգամավոր Քլարկն ասել է, որ ԱՄՆ-ը «պետք է օգնի ապահովել խաղաղությունը և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին»:

Իր հայտարարության մեջ կոնգրեսական Շերմանը ասել է, որ միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքը և ձեռնարկի ամեն հնարավոր և անհրաժեշտ քայլ՝ աջակցելու հայ ժողովրդին այս կրիտիկական իրավիճակում:

Տեսանյութեր

Լրահոս