
ՀՅԴ նախաձեռնությամբ ընդդիմադիր շուրջ 2 տասնյակ քաղաքական ուժեր Արցախի հարցով խորհրդակցություն են անցկացրել

Այսօր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Ս. Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՅԴ մամլո դիվանից։
Օրակարգում Հայաստանի և Արցախի հանրապետություններում ստեղծված անվտանգային իրավիճակն էր, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված հումանիտար և գոյաբանական սպառնալիքների դիմագրավումը:
Խորհրդակցության մասնակից շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն իրենց գնահատականներում միակամ էին. ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած արտաքին և ներքին ապազգային քաղաքականության հետևանքն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմամբ, համազգային համախմբման և ազգային -պետական արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական ղեկավարությամբ է հնարավոր կանխել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:
Հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են՝ առանցքում ունենալով միասնական քայլերի ձևավորման հանձնառություն: