Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ․ ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ

Արաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը։

«Մենք շարունակում ենք ընդգծել, որ կարևոր է նվազեցնել լավածությունը և զսպվածություն ցուցաբերել։ Բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակը սրելուց, մասնավորապես՝ իրենց հռետորաբանությամբ, քանի որ դա կարող է մարդասիրական ծանր հետևանքներ ունենալ։ Շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիական անձանց համար իրավիճակը բարելավվի, և նրանց կյանքը չվտանգվի։ Մենք համաձայն ենք գլխավոր քարտուղարի հետ, որ անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է գտնել կայուն և տևական լուծում՝ հիմնվելով մինչ այս պահը ձեռք բերված համաձայնությունների վրա»,- ասաց նա։

ԱՄԷ ներկայացուցիչը վերահաստատեց իր երկրի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ «Կողմերին կոչ ենք անում խաղաղ և դիվանագիտական ճանապարհով գտնել լուծումը։ Կոչ ենք անում կառուցողական աշխատանքը շարունակել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար։ Մենք և միջազգային հանրությունը պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք կայունություն, երկխոսություն և խաղաղ գոյակցություն։ ԱՄԷ-ն կշարւնակի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին սատարել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս