Բելգիահայերը ԵՄ-ից պահանջել են դիվանագիտական, տնտեսական և անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների ակտիվների նկատմամբ
Այսօր Բրյուսելում Բելգիայի հայերի կոմիտեի (CAB)-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Պելճիկակահայ Դեմոկրատների Միության (A.A.D.B-ի), Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի (EAFJD), Հայ Դատի Բելգիայի հանձնախմբի (CDCA Belgique) աջակցությամբ Բրյուսելում տեղի ունեցավ ցույց՝ ընդդեմ Ադրբեջանի՝ արցախահայության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության։
Ցույցի նպատակն էր պահանջել Եվրամիության գործադիր մարմիններից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես դադարեցնելու դեպի Արցախ ճանապարհի արգելափակումը և վերջ տալու այս կործանարար քաղաքականությանը։
Ցուցարարները Եվրոպական միությունից պահանջել են բոլոր միջոցներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անհապաղ և առանց նախապայմանների բացի Լաչինի միջանցքը և երաշխավորի, որ նման իրավիճակ այլևս չի կրկնվի, շոշափելի քայլեր ձեռնարկել արցախահայության անվտանգությունն ապահովելու համար, ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտար գրասենյակ Արցախում, կիրառել դիվանագիտական, տնտեսական և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների ակտիվների նկատմամբ, անհապաղ երկարաձգել Եվրոպական Միության դիտորդական առաքելության մանդատը Հայաստանի Հանրապետությունում: