Այսօր տոնածառը մեր երկրում ավելի լավ է պաշտպանված, քան մարդկային կյանքերն ու հայրենիքը. հոգեբան

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ու թեև տարբեր շրջանակներ ահազանգում են, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ է, այդուհանդերձ, հանրության տարբեր հատվածներ անհաղորդ են ստեղծված իրավիճակին:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը իրավիճակից ելքերը տեսնում է վտանգի զգացման այդ ընկալունակության ահագնացման հետ:

Անդրադառնալով հանրային նման տրամադրությունների պատճառներին՝ նա նկատեց. «Մեր հասարակությունը հետևողականորեն տարվել է դեպի վիկտիմիզացիա, այսինքն՝ հոգեբանական զոհի կարգավիճակի մեջ են դրել: Դա սկսվել է արդեն չարաբաստիկ 2018 թվականից սկսած: Իսկ մինչ այդ հետազոտություններ են կատարվել, նախապատրաստական հսկայական աշխատանք է կատարվել, բայց 2018 թվականի ջրբաժանից հետո այդ վիկտիմիզացիայի կոմպոնենտներն անընդհատ մտցվել են. դրա պիկն էր 44-օրյա պատերազմը, որն, ըստ էության, ռազմական պարտություն համարել չի կարելի»:

Հոգեբանի կարծիքով՝ քանի որ մարդիկ գիտակցաբար, ենթագիտակցաբար իրենց զգում են որպես զոհ, ունենում են անկարողության զգացում, հետևաբար՝ կենտրոնանում է կենցաղի վրա:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ բացի հանրությանը վիկտիմիզացնելը, նաև փորձում են հանրությանը ծաղրել. «Օրինակ, այդ կնոջ գրառումները (նկատի ունի Աննա Հակոբյանին։- Զ.Դ.), արարքները, որ նայում ես, հասարակությանը ծաղրելու մի ընդհանուր գիծ է գնում»:

Կարինե Նալչաջյանը շեշտեց՝ այս գործընթացներին զուգահեռ՝ նաև ընթանում է բարոյալքում, որի վերջին աստիճանը թշնամանքն է Արցախի ու արցախցու հանդեպ: Նա հիշեցրեց, թե նախկինում ինչ համախմբում կար Արցախի շուրջ:

«Մենք ներկա ենք եղել ոչ միայն արցախյան վերելքին, բարոյական մեծ պոռթկմանը, այլև դիմացել զրկանքներին՝ հանուն Արցախի: Իսկ այժմ Արցախը պաշարված է, բայց շատ մարդիկ անզորության զգացողություն ունեն:

Վտանգի զգացողությունն էլ է բթացել: Հոգեբանական պաշտպանական մեխանիզմ կա՝ իրականության ժխտումը. թշնամին ասում է՝ ես Երևան եմ մտնելու, մարդկանց հետ խոսում ես՝ դե լավ էլի, նման բան ինչպե՞ս կարող է պատահել: Այսինքն՝ իրականությունը չզգալու պաշտպանական մեխանիզմն է, իսկ սա ինքնասպանության տանող ճանապարհ է: Ավելի լավ է այդ դառն իրականությունը տեսնել-հասկանալ, փորձել պայքարել դրա դեմ, քան նման տոնական տրամադրության մեջ գնալ դեպի մահ:

Եվրատեսիլ, տոնածառ… այսօր տոնածառը մեր երկրում ավելի լավ է պաշտպանված, քան մարդկային կյանքերն ու հայրենիքը:

Տոնական հրավառություններ էլ կլինեն, մակերեսային ինչ-որ ուրախություններ էլ կունենաք, նոր տարվա սեղաններ էլ և այլն, բայց մենք պետք է հիշենք, որ ուրիշ օրեր էլ են գալու:

Արցախին այսպես դավաճանելը, հանուն Արցախի պայքարի դուրս չգալն ուղղակի մեր բարոյալքման մասին է խոսում, իսկ մեր թիկունքն Արցախն է պահում նույնիսկ այս պաշարված վիճակում»,- հավելեց նա:

Հոգեբանը շեշտեց՝ պետք է հաղթահարել անճարակության զգացումը, իսկ այդ հարցում կարևորեց դիմադրող ուժերի կողմից կազմակերպչական խնդիրները լուծելը, հանրությանը համախմբելը:

Տեսանյութեր

Լրահոս