Խաղաղապահների առջև խնդիր է դրվել չկիրառել զենք, վերջնարդյունքում զարգացումները կարող են շատ տարբեր լինել, բայց դրանից պետք է խուսափել. Ալեքսանդր Սկակով
«Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստների ստեղծած հումանիտար աղետին:
Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ադրբեջանը վարում է իրեն բնորոշ քաղաքականություն, օգտագործում է տարբեր ռեսուրսներ, եղանակներ, սցենարներ ճնշումներ բանեցնելու համար Հայաստանի, արցախահայության, Ռուսաստանի ու նաև միջազգային հանրության նկատմամբ:
Ըստ նրա, Ադրբեջանը տարբեր լծակներ է օգտագործում, ինչպես նաև ուժային, որի ականատեսը եղել ենք նաև սահմանային հատվածներում սեպտեմբեր ամսին:
«Իսկ հիմա սադրանքներ, ճնշումներ խաղաղապահների նկատմամբ՝ միևնույն ժամանակ ստեղծելով կյանքի անտանելի պայմաններ ԼՂ բնակչության համար: Սա իրենց տեսանկյունից տրամաբանական է, Ադրբեջանի գործողություններում կարդինալ որևէ նոր բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է խաղաղապահների գործողություններին, ապա որքան ես եմ հասկանում, նրանց առջև խնդիր է դրված զուսպ դրսևորվել, չտրվել սադրանքների, իսկ սա հենց սադրանք է հստակ սցենարով, ուստի խնդիր կա չկիրառել զենք, վերջնարդյունքում զարգացումները կարող են շատ տարբեր լինել, բայց, իհարկե, դրանից պետք է խուսափել:
Ադրբեջանն ունի երկու նպատակ՝ ստեղծել անհնար կենսապայմաններ ԼՂ բնակչության համար, և երկրորդը՝ պայմաններ ստեղծել խաղաղապահների վաղաժամ դուրսբերման պահանջ ներկայացնելու համար: Այսինքն՝ եթե չկա ԼՂ-ում հայ բնակչություն, խաղաղապահներ պետք չեն, կամ՝ այնպես անել, որ խաղաղապահները գնան, նրանց հետ էլ բնակչությունը կհեռանա»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս պետք է արձագանքի Ռուսաստանը, որից մինչ այս պահը որևէ քաղաքական արձագանք չի հնչել, Սկակովը պատասխանեց, որ Ռուսաստանը վստահաբար աշխատում է, աշխատում է ստվերում, այդ մասին չի հայտարարվում: Նրա որակմամբ, դիվանագիտական կտրուկ հայտարարություններ կարող են լինել, բայց դրանք ապակառուցողական կարող են լինել այս դեպքում:
«Եթե լիներ միասնական դիրքորոշում ԵԱՀԿ ՄԽ երկրների կամ համանախագահների կողմից, դա կլիներ այլ խոսակցություն, բայց այստեղ շատ նրբություններ կան, և նման դիրքորոշման հասնել այսօր հնարավոր չէ: Իսկ քանի որ դա այսօր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ չկա, առանձին կտրուկ հայտարարությունները Ռուսաստանին ներկայումս որևէ տեղ չեն տանելու, մնալու են պարզապես խոսքեր: Իսկ հայտարարությունները, ինչպես տեսնում ենք այլ դեպքերում՝ Ադրբեջանի գործողությունների վրա չեն ազդում։ Ավելին՝ կարող են օգտագործվել սեփական նպատակներով՝ ավելի մեծ վնաս հասցնելով իրավիճակին»,- պարզաբանեց Սկակովը:
Մեր դիտարկմանը, որ այնուամենայնիվ իրավիճակն աշխատում է ՌԴ-ի դեմ՝ տպավորություն ստեղծելով, որ ՌԴ-ն 3 օր է՝ չի կարողանում այս հարցը լուծել, և սա օգտագործվում է համապատասխան շրջանակների կողմից հստակ նպատակներով, ռուս վերլուծաբանն արձագանքեց՝ ասելով, որ ճիշտ է՝ Ռուսաստանը երեք օր չի կարողանում այս հարցը լուծել, և գլխավոր հարցն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է այն փաստը, որ Ռուսաստանը գերզբաղված է Ուկրաինայի շուրջ իրավիճակով, և դա հավելյալ խթան է Բաքվի համար ԼՂ-ի հարցում իր գործողությունները սրացնելու համար:
«Որքան երկար Ռուսաստանը կապված մնա Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ, որքան երկար այնտեղ չլինի զգալի հաջողություն Ռուսաստանի համար, այնքան ավելի ակտիվ ու ագրեսիվ է իրեն դրսևորելու Ադրբեջանը Հայաստանի, ԼՂ-ի ու ռուս խաղաղապահների նկատմամբ: Սա այլևս փաստ է: Գործ ունենք աշխարհաքաղաքական իրողությունների հետ»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:
Անդրադառնալով ԼՂ-ի համար անվտանգային միջազգային մեխանիզմների հարցը ՄԱԿ ԱԽ-ում քննարկելու մասին առաջարկներին՝ Սկակովն ասաց, որ, իհարկե, կարող է քննարկվել, սակայն կրկին այն պատճառով, որ ողջ աշխարհին հետաքրքրում է Ուկրաինան, և բոլորը միայն դրանով են զբաղված, ոչ ոք լրջորեն Ղարաբաղի թեմայով չի զբաղվելու:
«Քննարկում, իհարկե, հնարավոր է, եթե այն լավ առաջ մղվի, սակայն միջազգային մանդատի հարցում կասկածներ ունեմ՝ հաշվի առնելով ռուս-արևմտյան հարաբերությունների ներկայիս փուլը և այն, որ չի կարող լինել կոնսենսուս այս հարցի շուրջ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև»,- նկատեց Սկակովը: