Ադրբեջանը բրիտանական «Anglo Asian Mining»-ին է հանձնել Արցախի Կաշենի հանքավայրի շահագործումը

Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները, ֆեյք ակտիվիստները, որոնք արդեն երկրորդ օրն է՝ փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով, իրականում ոչ միայն քաղաքական խնդիր են լուծում, ոչ թե ցանկանում են իբրև թե մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում, այլև տնտեսական խնդիր են լուծում:

Այս տեղեկատվությունը տարածել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հասանելի դարձնելով փաստաթղթային ապացույցներ:

Պարզվում է, որ այս տարվա հուլիսի 5-ին Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է, իսկ Իլհամ Ալիևը՝ ստորագրել բրիտանական ոսկու հանքերի մշակման «Anglo Asian Mining» ընկերության կողմից իբրև թե Ադրբեջանում հանքաքարի հանքավայրերի յուրացման համար գործող Արտադրության բաշխման համաձայնագրի փոփոխությունները: Այս մասին ասվում է AAM փաստաթղթում:

Ի դեպ, նշվում է նաև, որ փոփոխությունների հիմքում  ուղենիշային փաստաթուղթ է,  որն ընկերությունը ստորագրել է 2021 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարության հետ, որն «Anglo Asian Mining»-ին իրավունք է տալիս զարգացնել երեք նոր բլոկներ, որոնք նախատեսում են 882 քառակուսի կմ տարածք: Ի դեպ, նշվում է նաև, որ ընկերությունը չի վճարել երեք նոր պայմանագրային տարածքների ձեռքբերման համար:

«Վավերացման ավարտից հետո ընկերությունը շուտով նոր ակտիվների վերաբերյալ կստանա բոլոր առկա երկրաբանական տվյալները: «Anglo Asian»-ն անմիջապես կսկսի առկա տվյալների և նոր պայմանագրային տարածքների զարգացման հնարավորությունների մանրամասն վերանայումը: Երբ այս վերանայումն ավարտվի, ընկերությունը կհայտարարի նոր պայմանագրային տարածքների զարգացման իր ռազմավարությունը՝ միջին մակարդակի արտադրության կարգավիճակի հասնելու համար:

«Anglo Asian»-ն այժմ ունի ութ պայմանագրային տարածք Ադրբեջանում՝ ընդգրկելով  2544 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք: Նոր ակտիվները ընկերության համար հնարավորություն են ընձեռում վերաճելու, հիմնականում ոսկու արտադրողի կարգավիճակից դառնալու հիմնականում պղնձի կարգավիճակի: Միայն Գարադաղի հանքավայրը պարունակում է ավելի քան 300,000 տոննա պղինձ»,- ասվում է փաստաթղթում:

Սակայն ուշագրավը, այսպես կոչված, «Դեմիրլի» տեղանքի մասին հիշատակումն է այս փաստաթղթում, որը Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղն է, այս մասին նշել էր ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Դեմիրլիի նոր պայմանագրային տարածքը պարունակում է արդեն կառուցված Դեմիրլիի հանքարդյունաբերական գույքը, ուստի Դեմիրլիում զարգացող գործողությունները պետք է ունենան արագացված ժամանակացույց»,- ասված է փաստաթղթում, որն ինչ-որ տեսանկյունից բացատրում է ադրբեջանցի, այսպես կոչված, էկոլոգների շտապողականությունը Կաշենի հանքավայրի ուղղությամբ: Փաստաթղթում նշվող մյուս տարածքներն են «Գարադաղն» ու «Խարխարը»:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Տեսանյութեր

Լրահոս