Ադրբեջանը փորձելու է եռակողմ հայտարարությամբ ամրագրված անխափան կապը կտրել՝ մեզ դնելով անկլավային վիճակում. Արցախի ԱԺ պատգամավոր

Ադրբեջանը որդեգրել է Արցախը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին ինտեգրելու դանդաղ գործընթաց, որն ունի որոշակի փուլեր։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ «Սա հերթական փուլերից է։ Բնականաբար, տարբեր պատրվակներով դա ունենալու է իր դրսևորումները։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանն անցել է նոր փուլի և փորձելու է եռակողմ հայտարարությամբ ամրագրված անխափան կապը կտրել և մեզ դնել անկլավային վիճակում։ Ուստի այն, ինչ մեզ վերջնագրի տեսքով առաջարկվում է, որևէ ձևով չպետք է ընդունել, բայց նաև չպետք է զգացմունքային մոտեցումներ ցուցաբերել և պետք է որպես օրենսդիր, որպես գործադիր իշխանություն ունենալ հաջորդական քայլերի ամրագրված փաթեթ»,- նշեց պատգամավորը։

Նա համոզմունք է հայտնել, որ գործընթացն ուղղված է և Արցախին, և Ռուսաստանին: «Իսկ ավելի շատ, հավանաբար, ռուսական կողմի դեմ է ուղղված, որովհետև այս պարագայում կա 2025 թվականի մանդատի խնդիրը, և Ադրբեջանն այն շահարկման նյութ դարձնելու և առաջիկայում ավելի սրացնելու անհրաժեշտություն ունի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս պարագայում շատ կարևոր է նաև ՀՀ գործընկերների հետ որոշակի կապի ապահովումը:

Ըստ նրա՝ Հայաստանի գործընկերներն են միջազգային իրավունքի սուբյեկտ և հնարավորություն ունեն տարբեր հարթակներում ներկայացնել իրենց տեսակետը: Նա հավելեց, որ երեկվանից իմի են բերված Հայ դատի գրասենյակի հնարավորությունները, և տարբեր վայրերում իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացվելու։

Պատգամավորը կարևորեց նաև համապատասխան աշխատանքները հանրության տարբեր շերտերի հետ:

Վան Նովիկով

Տեսանյութեր

Լրահոս