Ռուս խաղաղապահների և Արցախի ղեկավարների միջև շարունակվում են բանակցությունները. Մեսրոպ Առաքելյան

Երեկվանից ադրբեջանական «բնապահպաններ» կոչվող հրոսակախմբերը փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ շրջափակման մեջ թողնելով 120․000 արցախցիների:

Արցախից Հայաստան չեն կարողանում տեղափոխել անգամ ծանր հիվանդներին: Այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա է իրականացվում Արցախի ապաշրջափակման պահանջով:

«Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը, ով մասնակցում էր ակցիային, ասաց, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:

«Ռուս խաղաղապահների և Արցախի ղեկավարների միջև մինչ այս պահը շարունակվում են բանակցությունները: Ամեն ինչ արվում է հարցին լուծում տալու համար»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Վերջինս նշեց՝ որևէ բնապահպանական խնդիր չկա, դա ընդամենը ադրբեջանցիների հերթական պատրվակն է սադրանք կազմակերպելու համար:

«Այդ կեղծ բնապահպաններն ամենևին էլ բնապահպաններ չեն: Այնտեղ կան Ադրբեջանի պետական կառույցների աշխատակիցներ: Սա կազմակերպված է և ուղեկցվում է Ադրբեջանի ուժային կառույցների աջակցությամբ»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Տեսանյութեր

Լրահոս