Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին հրավիրել է արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով:

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։

Իր ելույթում ԱՀ Նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից ԱՀ –ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում :

ԱՀ Նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը ՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը:

Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորների ելույթներում շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում:

Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն:

Տեսանյութեր

Լրահոս