Հրատապ. Ստեփանակերտ-Գորիս մայրուղին դեռ չի բացվել

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին առավոտյան ժամը 10:30-ից փակ է. իսկ սադրանքի հեղինակը դարձյալ ադրբեջանցիների մի խմբակ է, որը բնապահպանական շղարշի տակ երկու օր առաջ արդեն մեկ անգամ նույնատիպ սադրանքի կարճատև փորձ արել էր:

Այս անգամ, այսպես կոչված, բնապահպանները որոշել էին նաև վրաններ տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիին հարակից հատվածում:

Թեմային անդրադարձ է կատարվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում: Կառավարությունից հայտնում են՝  Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դա Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է:

ԱՀ ԱԺ-ից էլ հայտնում են, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն է դատապարտել Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները.

«Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.

1. Փոխել ստատուս-քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:

2. Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը:

3. Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է՝ հայաթափել Արցախը:

Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»,- մասնավորապես նշել է Թովմասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ադրբեջանական վերջին սադրանքներն Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են բնապահպանական շղարշի ներքո:

«Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը «ահազանգում» է, թե իբր վերջին օրերին բնապահպանական խնդիրներ են ստեղծում նաև Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական վերջին սադրանքներն Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են բնապահպանական շղարշի ներքո։

Սա նշանակում է, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվում միայն Արցախի նկատմամբ գործողություններով և սահուն կարող է անցում կատարել դեպի Հայաստան։ Համենայնդեպս Ադրբեջանը ավելացնում է ճնշումը՝ զուգահեռ իր պայմաններով առևտրի դաշտ բացում»:

Ի դեպ, 168.am–ի հետ զրույցում էլ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն էլ ասել է. «Շուշիում տեղակայված են նաև ադրբեջանական հատուկ ջոկատայիններ, որոնք պատրաստ են ավելի վտանգավոր քայլերի դիմել: Այդ ամենը նրանք հստակ փոխանցել են ռուսական կողմին, հստակ մեսիջներ են ուղարկել»:

Տեսանյութեր

Լրահոս