Հայաստանը շարունակում է իմիտացիան և շարունակում է չկատարել իր պարտավորությունները միջպետական կարգավորման երեք ուղղություններով․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում «Արևելյան գործընկերության» անդամ-երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հերթական փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթներին:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ որպես երկու իրավահավասար ինքնիշխան պետություն, հիմք կստեղծի փոխադարձ շահ ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար:

«Չնայած երկկողմ բանակցությունների բարձրացված դինամիզմին, ձեռք բերված առաջընթացը բավականին սահմանափակ է, քանի որ Հայաստանը շարունակում է իմիտացիան: Հայաստանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները միջպետական կարգավորման երեք ուղղություններով։ Այսինքն՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանազատում և տարածաշրջանային հաղորդակցություն»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, թե Հայաստանը մինչ օրս լիարժեք դուրս չի բերել «իր անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից», ինչով, ըստ նրա՝ արհեստականորեն ձգձգում է հաղորդակցությունների վերականգնումը, և հրաժարվում է անխոչընդոտ կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև:

«Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև որոշ երրորդ երկրների դերը Հայաստանի ռևանշիստական վարքն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ դա Երևանին մղում է ուժեղացնել ռազմական սադրանքը և ռազմական հռետորաբանությունը»,- ասել է Բայրամովը:

Տեսանյութեր

Լրահոս