Սերբիան՝ Կոսովոյում սերբ զինվորականներ եւ ոստիկաններ տեղակայելու խնդրանքով կդիմի ՆԱՏՕ-ի խաղաղապահներին
Սերբիան՝ Կոսովոյում սերբ զինվորականներ եւ ոստիկաններ տեղակայելու խնդրանքով կդիմի ՆԱՏՕ-ի խաղաղապահներին, թեեւ կարծում է, որ խնդրանքը բավարարելու համար հնարավորություն չկա: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ նշելով, որ նամակով հարցում կուղարկի ՆԱՏՕ-ի KFOR ուժերի հրամանատարին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Վուչիչի հայտարարությունը հաջոչդել է Կոսովոյի իշխանությունների եւ սերբերի միջեւ տեղի ունեցած մի քանի միջադեպերին, որոնք հիմնականում գրանցվել են ալբանացի մեծամասնություն ունեցող երկրի սերբ մեծամասնությամբ հյուսիսային շրջաններում:
«Մենք կդիմենք KFOR-ի հրամանատարին՝ խնդրելով ապահովել Սերբիայի Հանրապետության բանակի եւ ոստիկանության անձնակազմի տեղակայումը Կոսովոյի եւ Մետոհիայի տարածքում», – ասել է Վուչիչը Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ խնդրանքի բավարարման վերաբերյալ «պատրանքներ չունի»:
Նա հավելել է, որ կառավարությունը երկուշաբթի կամ երեքշաբթի պաշտոնապես համապատասխան փաստաթուղթ կընդունի:
Սա առաջին դեպքն է, երբ Բելգրադը խնդրում է զորքեր տեղակայել Կոսովոյում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի համաձայն, որի շնորհիվ ավարտվել է 1998-1999 թվականների պատերազմը:
Բանաձեւում նշված է, որ Սերբիան կարող է մինչեւ 1000 զինվորական, ոստիկան եւ մաքսային ծառայության աշխատակից ուղարկել ուղղափառն կրոնական տարածքներ, սերբական մեծամասնությամբ բնակեցված շրջաններ եւ սահմանային անցումներ, եթե նման տեղակայումը հաստատվի KFOR-ի հրամանատարի կողմից: