
11 ամսում Վրաստան է այցելել մոտ 5 մլն միջազգային ճանապարհորդ

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա վիճակագրական տվյալները, ըստ որի՝ 2022 թվականի նոյեմբերին Վրաստան է այցելել 471 հազար 165 միջազգային ճանապարհորդ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ այդ տվյալների` նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճը կազմել է 160,4 տոկոս, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 70 տոկոս:
Ըստ գործակալության հաղորդագրության՝ նոյեմբեր ամսին զգալիորեն աճել է զբոսաշրջային այցելությունների վերականգնման դինամիկան. 2022 թվականի նոյեմբերին գրանցվել է 299 հազար 605 միջազգային զբոսաշրջային այցելություն` 2021 թվականի նոյեմբերի համեմատ ավելանալով 97,9 տոկոսով, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 88.4 տոկոսով:
Իսկ ահա 2022 թվականի 11 ամսում Վրաստան է այցելել 4 մլն 862 հազար 247 միջազգային ճանապարհորդ, 2021 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ աճը կազմել է 185,5 տոկոս, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 55,9 տոկոս։
«2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է 3 մլն 348 հազար 333 միջազգային զբոսաշրջային այցելություն, որը նախորդ տարվա 11 ամիսների համեմատ ավելի է 133,7 տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 70,2 տոկոս»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: