Պատանիները պետք է ողջախոհության քննություն հանձնեն
Այսօր ուսանողուհիներ էին եկել և խնդրում էին ինձ. «Հա՛յր, աղոթեք, որ մենք քննությունները հանձնենք»: Իսկ ես նրանց պատասխանեցի. «Կաղոթեմ, որ դուք ողջախոհության քննությունները հանձնեք: Դա է ամենակարևորը: Դրանից հետո մնացածն էլ կարելի է իրենց տեղերը դասավորել»: Ճի՞շտ ասացի նրանց, թե՞ ոչ: Այո, եթե այսօր պատանիների դեմքին համեստություն, ողջախոհություն ես տեսնում, ապա դա մեծ բան է: Շա՜տ մեծ բան:
Ի՜նչ դժբախտ, խեղված աղջիկներ են երբեմն ինձ մոտ գալիս: Նրանք մեղքի մեջ են ապրում երիտասարդների հետ՝ չհասկանալով, որ վերջիններիս հետապնդած նպատակներն անմաքուր են: Եվ այդ կերպ խեղճերը հաշմանդամ են դառնում: «Ի՞նչ անեմ, հա՛յր»,- հարցնում են ինձ: «Գինետան տերը,- պատասխանում եմ նրանց,- թեկուզև ընկերություն է անում հարբեցողի հետ, բայց իր դստերը նրան կնության չի տալիս: Վե՛րջ տվեք մեղավոր կապերին: Եթե նրանք, ում հետ մեղք եք գործում, ձեզ իսկապես սիրում են, ապա հարկ եղածի պես կգնահատեն դա: Իսկ եթե լքեն ձեզ, կնշանակի, որ ձեզ չեն սիրում, և դուք զուր ժամանակ չեք վատնի»:
Բանսարկուն օգտագործում է պատանեկան հասակը, երբ ընդվզում է մարդու մարմինը և ջանում փչացնել երիտասարդներին այդ դժվարին ժամանակահատվածում, որում նրանք գտնվում են: Նրանց գիտակցությունը դեռևս հասուն չէ, նրանք բավականին անփորձ են և հոգևոր խնայողություններ ամենևին չունեն: Այդ պատճառով էլ այդ բեկումնային տարիքում գտնվող պատանին պետք է զգա, որ իրեն անընդհատ անհրաժեշտ են մեծերի խորհուրդները: Այդ խորհուրդները նրան պետք են, որպեսզի չսայթաքի աշխարհիկ անկման քաղցր բլրակի վրա, որը սպառնում է տագնապով լցնել նրա հոգին և հավիտյանս հեռացնել Աստծուց:
Ես հասկանում եմ, որ ֆիզիկապես առողջ երիտասարդի կամ աղջկա համար հեշտ չէ պատանեկան հասակում նման հոգևոր վիճակում գտնվել, որպեսզի տարբերություն չդնի «ո՛չ արուի և ո՛չ էգի» (Գաղ. 3:28) միջև: Այդ պատճառով էլ հոգևոր հայրերը տղաներին խորհուրդ են տալիս աղջիկների հետ ընկերություն չանել, որքան էլ որ երեխաները հոգևոր լինեն, որովհետև տարիքը դժվարություններ է առաջացնում ինքն իրենով, և բանսարկուն օգտագործում է նրանց պատանեկությունը: Այդ պատճառով էլ պատանու համար ավելի նախընտրելի է, որ իր հոգևոր մաքրության և ողջամտության համար աղջիկներն իրեն նույնիսկ հիմար համարեն (կամ աղջկա համար, որպեսզի պատանիներն իրեն հիմար համարեն), և այդ կերպ իր վրա վերցնի այդ ծանր խաչը: Քանի որ այդ ծանր խաչի մեջ է թաքնվում Աստծու ողջ զորությունն ու իմաստությունը, և այնժամ պատանին ուժեղ կլինի Սամսոնից (Դատ. 15:14-և այլն) և իմաստուն՝ Սողոմոնից (Գ Թագ. 3:9-12): Փողոցում քայլելիս պատանին ավելի լավ է աղոթի և կողքերը չնայի, եթե նույնիսկ հարազատներն ու ծանոթները դա ճիշտ չհասկանան և վիրավորվեն, համարելով, որ իբր նա արհամարհում է իրենց և այդ պատճառով չի խոսում իրենց հետ:
Դա ավելի լավ է, քան հետաքրքրասիրությամբ կողքերը նայելը և նույնիսկ աշխարհիկ մարդկանց կողմից սխալ հասկացվելը, որոնք ամեն ինչի մասին խորամակնորեն են մտածում: Պատանու համար հազար անգամ ավելի լավ է եկեղեցական ծառայությունից հետո փախչել մարդկանցից, որպեսզի պահպանի իր հոգևոր ողջամտությունը և այն օգուտը, որ եկեղեցում է ստացել, քան նստել ու անհոգությամբ կանանց մորթե օձիքներով հիանալ (կամ աղջիկը՝ տղամարդկանց փողկապներով) և հոգևոր առումով անողոքանալ, քանի որ թշնամին ճանկռում է նրա սիրտը:
Այն, որ աշխարհը, դժբախտաբար, քայքայվել է՝ ճշմարտություն է: Եվ իրեն մաքուր պահել ձգտող մարդը կեղտոտվում է, որտեղ էլ, որ հայտնվի: Սակայն տարբերությունն այն է, որ Աստված ժամանակակից մարդուց այնպես չի գանձի, ինչպես հնում էր գանձում քրիստոնյայից, ով ցանկանում էր իրեն անաղարտ պահել: Սառնասրտություն է անհրաժեշտ, պատանին պետք է անի այն, ինչ կարող է՝ ճգնել, խուսափել մեղքի առիթներից: Մնացած ամեն ինչում մեր Տեր Քրիստոս կօգնի: Հոգում բռնկված աստվածային հոգատարությունն այնքան բոցավառ է, որ յուրաքանչյուր կիրք, յուրաքանչյուր անպարկեշտ պատկեր այրելու ուժ ունի: Երբ մարդու մեջ այս կրակը բորբոքվի, նա կզգա նաև այն աստվածային բավականությունները, որ անհամեմատելի են ցանկացած այլ բավականության հետ: Նա, ով ճաշակել է այս երկնային մանանան, բոլորովին անտարբեր է մնում եղջերենու վայրի պտուղների քաղցրությանը: Այդ պատճառով էլ պատանին պետք է ղեկանիվը պինդ բռնի իր ձեռքերում, խաչակնքվի և չվախենա: Մի փոքր պայքարից հետո նա երկնային բավականություն էլ կստանա: Գայթակղության ժամին արիություն է անհրաժեշտ, և Աստված հրաշալի կերպով կօգնի նրան:
Հայր Օգոստինոսը(1) ինձ պատմեց, թե ինչպես նորադարձ միաբան լինելով, ընդունվեց իր հայրենիքի՝ Ռուսաստանի վանքերից մեկը: Մենաստանի համարյա բոլոր եղբայրները ծերունիներ էին և այդ պատճառով էլ նրան ուղարկեցին մենաստանի ձկնորսին օգնել ձուկ բռնելու, քանի որ վանքն ապրում էր ձկնորսության հաշվին: Մի անգամ այդ ձկնորսի դուստրը եկավ գետափ, որտեղ նրանք աշխատում էին և հորն ասաց, որ անհապաղ տուն գնա ինչ-որ շտապ գործով: Իսկ ինքը մնաց միաբանին օգնելու: Սակայն սատանայական գայթակղությունը տիրեց նրան, և նա միաբանի վզովն ընկավ մեղավոր մտադրություններով: Անտոնը նախ շփոթվեց, հայր Օգոստինոսին այդպես էին կոչում աշխարհում, որովհետև ամեն ինչ հանկարծակի եղավ: Բայց հետո նա խաչակնքվեց ու բացականչեց. «Ավելի լավ է խեղդվեմ, քան մեղք գործեմ» և նետվեց հորդահոս գետը: Սակայն Բարեգութ Աստված, տեսնելով անաղարտ պատանու մեծ եռանդը, ով սուրբ Մարտինիանոսի(2) սխրանքը կրկնեց՝ ձգտելով պահպանել ողջախոհությունը, պահեց նրան ջրի վրա այնպես, որ նա նույնիսկ չթրջվեց: «Ես գլխիվայր ջուրը ցատկեցի,- պատմում էր ինձ հայրը,- բայց նույնիսկ չնկատեցի, թե ինչպես ողջ հասակով մնացի ջրի վրա կանգնած: Նույնիսկ հագուստս չթրջվեց»: Այդ պահին նա ներքին լռություն և աննկարագրելի քաղցրություն զգաց, որոնք լիովին վերացրին բոլոր մեղավոր մտածումները և մարմնական գրգռումները, որ սկզբում առաջացել էին աղջկա անվայել պահվածքից: Իսկ նա, տեսնելով Անտոնին ջրի մակերեսին կանգնած, և ապշելով այդ մեծ հրաշքից, լաց եղավ՝ զղջալով իր մեղքի համար:
Քրիստոս մեզանից ինչ որ մեծ բան չի պահանջում, որպեսզի օգնի մեզ սխրանքի մեջ: Նա մեզնից չնչին բան է սպասում: Մի պատանի պատմում էր, որ երբ ուխտագնացության էր մեկնել դեպի Պատմոս(3), սատանան որոգայթ էր պատրաստել նրա համար: Երբ նա շրջում էր կղզում, մի զբոսաշրջիկ կին նրա վզովն ընկավ ու սկսեց գրկել նրան: Այդժամ պատանին ուժով մի կողմ հրեց նրան իրենից և բացականչեց.
«Քրիստո՛ս իմ, ես այստեղ եմ եկել, որպեսզի սրբությանը խոնարհվեմ, այլ ոչ թե նման ապականությամբ զբաղվեմ»: Դրանից հետո նա փախավ: Գիշերը, երբ աղոթում էր հյուրանոցում, աղոթքի ժամանակ Քրիստոսին տեսավ աստվածային լույսի մեջ: Տեսնո՞ւմ եք, թե նա ինչի արժանացավ միայն այն բանի համար, որ գայթակղող կնոջը հեռու վանեց իրենից: Ինչ-որ մեկը ճգնում է երկար տարիներ, քիչ սխրանքներ չի գործում և դեռ հարց է, արդյո՞ք կարժանանա նման որևէ բանի: Իսկ ողջախոհ պատանին Քրիստոսին տեսավ միայն այն բանի համար, որ գայթակղությանը դիմակայեց: Բնականաբար, այդ իրադարձությունը հոգևոր առումով բավականին ամրապնդեց նրան: Դրանից հետո նա երկու-երեք անգամ էլ սրբերի տեսավ՝ սուրբ Մարկելային, սուրբ Ռաֆայելին, սուրբ Գևորգին: Մի անգամ նա ինձ մոտ եկավ ու խնդրեց. «Հա՛յր, աղոթիր, որպեսզի կրկին սուրբ Գևորգին տեսնեմ: Ինձ մխիթարություն է պետք, այս աշխարհում ինձ ոչինչ չի մխիթարում»:
Իսկ այժմ նրա որոշ հասակակիցներին նայեք՝ ինչեր ասես, որ չեն անում: Մի անգամ մի պատանի եկավ իմ խուց իր հորեղբոր հետ և խնդրեց. «Մի աղջկա համար աղոթիր: Նա ողնաշարը կոտրել է ավտովթարի ժամանակ: Ղեկին նրա հայրն էր, ննջել էր ու ինչ-որ բանի հարվածել: Ինքը մահացել է, իսկ դուստրը՝ խեղանդամ դարձել: Սպասիր նրա լուսանկարը քեզ տամ»: «Պետք չի»,- ասացի: Բայց նա շատ էր ուզում, որ ես նայեի: Դե ինչ արած, տեղի տալով նրա համառությանը, վերցնում եմ լուսանկարը և տեսնում մի աղջկա, որ հատակին է մեկնվել երկու երիտասարդների միջև, որոնք երկու կողմից բռնել են նրան: «Աղջիկը նրա ի՞նչն է,- երիտասարդներից մեկին ցույց տալով հարցնում եմ պատանուն: «Ընկերուհին»,- պատասխանում է: «Իսկ մյուսի՞: Նա պատրաստվո՞ւմ է ամուսնանալ նրա հետ»: «Ոչ,- ասում է,- նրանք ուղղակի հանդիպում են»: «Մի՛ բարկացիր երեխաների վրա,- ասում է ինձ նրա հորեղբայրը,- ի՞նչ կարող ես անել, այդպիսին է այժմյան երիտասարդությունը»: «Աղոթելը կաղոթեմ,- ասացի մտքումս,- բայց ոչ թե որպեսզի նրա ողնաշարը ապաքինվի, այլ գլուխը՝ քո գլխի հետ միասին, կորած մարդ»: Ո՞ւր է անհետացել պարկեշտությունը: Հորեղբայրը պետք է ինչպես հարկն է նախատեր իր եղբորորդուն:
«Հոգևոր» երիտասարդություն… Հոգևոր հայր ունենալ և այդտեղ գլորվել: Եթե նույնիսկ լուսանկարի երիտասարդներից որևէ մեկը պատրաստվում էր ամուսնանալ այդ դժբախտի հետ, ապա, միևնույն է, անթույլատրելի է, որ աղջիկն այդպես փռվի երկու տղաների միջև: Եվ ի՞նչ կարիք կար այդ լուսանկարն ինձ ցույց տալու: Այդ երիտասարդը չմտածեց անգամ, որ դա լավ չէ: Այն ինձ իհարկե չի վնասի, բայց չէ՞ որ լավ չէ: Ինչպիսի՞ ընտանիքներ պիտի կազմի այդ երիտասարդությունը: Թող Աստված լուսավորի նրան, որպեսզի նա ուշքի գա:
Իսկ ինչպիսի՜ ինքնազոհությամբ էին աղջիկներն իրենց անաղարտությունը պահում հնում: Հիշում եմ, որ պատերազմի ժամանակ մեր հրամանատարությունը տարբեր գյուղերից քաղաքացիական բնակիչների հավաքեց իրենց ջորիներով և ստիպեց բանակի համար բեռներ տեղափոխել: Ուժեղ ձյուն եկավ, և այդ մարդիկ մի բարձունքի վրա կտրված մնացին աշխարհից: Տղամարդիկ եղևնու ճյուղեր կտրեցին և ձյունածածկ եղևնիների տակ ծածկի պես մի բան պատրաստեցին, որպեսզի գոնե մի փոքր պաշտպանվեն ցրտից: Այնտեղ եղող կանայք նույնպես ստիպված էին այդ ծածկերի տակ պատսպարվել՝ պաշտպանություն խնդրելով իրենց համագյուղացիներից, նրանցից՝ ում ճանաչում էին: Այնտեղ մի աղջիկ ու մի պառավ կին կային մի հեռավոր գյուղից: Նրանք նույնպես ստիպված էին մի այդպիսի ծածկի տակ թաքնվել:
Բայց ցավն այն է, որ այնպիսի անհավատ ու վախկոտ մարդիկ կան, որոնց նույնիսկ պատերազմը չի սթափեցնում: Նրանք չեն ցավում իրենց մերձավորի համար, որոնք սպանվում կամ հաշմանդամ են դառնում, այլ հարմար առիթի դեպքում նույնիսկ ձգտում են մեղք գործել, վախենալով, որ իրենց կսպանեն և իրենք չեն հասցնի կյանքից խլել հաճույքները, թեև նրանք, ընդհակառակը, պետք է ապաշխարեին, համենայն դեպս վտանգի պահին: Եվ ահա, այդպիսի անհավատ վախկոտներից մեկը, որ փոխարենը մտածեր, թե ինչպես ապաշխարի, մտածում էր մեղք գործելու մասին, հայտնվեց այն ծածկի տակ, որտեղ աղջիկն ու պառավն էին պատսպարվել:
Նա սկսեց այնքան գարշելի կերպով կպչել աղջկան, որ վերջինս ստիպված եղավ փախչել: Նա նախընտրեց ցրտից սառչել և նույնիսկ մեռնել ձյան մեջ, բայց պահպանել օրիորդական իր պատիվը: Խեղճ պառավը, տեսնելով, որ աղջիկը չի վերադառնում, նրա հետքերով գնաց և նրան գտավ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռի փոքրիկ ծածկի տակ, որ կես ժամվա ճանապարհի վրա էր: Սուրբ Մկրտիչը պահպանել էր աղջկան, ով իր պատիվն էր պահել, և նրան իր մատուռի մոտ էր բերել, որի մասին աղջիկը նույնիսկ չգիտեր:
Եվ ի՞նչ արեց Հովհաննես Մկրտիչը դրանից հետո: Նա մի զինվորի հայտնվեց երազում (3) և պատվիրեց նրան որքան հնարավոր է շուտ իր մատուռը գնալ: Զինվորը վեր թռավ ու շտապեց դեպի մատուռը: Այդ գիշերը լուսավոր էր ձյան պատճառով, և նա մոտավորապես գիտեր, թե ուր պետք է գնար: Օ՜հ, ինչ պատկեր բացվեց նրա աչքերի առջև: Պառավն ու աղջիկը, մինչև ծնկները ձյան մեջ, արդեն կապտել ու փայտացել էին ցրտից: Զինվորը կարողացավ մատուռի դուռը բացել, խեղճերը ներս մտան և մի կերպ ուշքի եկան: Զինվորը ոչ մի տաք հագուստ չուներ շարֆից բացի, որը պառավ կնոջը տվեց, իսկ մի զույգ ձեռնոցն էլ պատվիրեց հերթով հագնել: Հետո խեղճերը պատմեցին նրան այն փորձության մասին, որը նրանց այդ մատուռը բերեց: «Լավ,- զինվորը դիմեց աղջկան,- ինչպե՞ս վճռեցիր գիշերով, ձնակույտերի միջով փախչել անհայտ ուղղությամբ»: «Ես կարող էի այդքանը անել,- պատասխանեց նա,- և հավատում էի, որ մնացյալում Քրիստոս ինձ կօգնի»:
Այդժամ զինվորը բոլորովին ինքնաբերաբար ասաց. «Վե՛րջ, ավարտվեցին ձեր տառապանքները: Վաղը տանը կլինեք»: Այդ խոսքերը ակամայից դուրս թռան նրա բերանից, ցավից, այլ ոչ թե ուղղակի այդ դժբախտներին մխիթարելու համար: Ախ, որքա՜ն նրանք ուրախացան այդ խոսքերը լսելով: Այդ խոսքերից նույնիսկ տաքացան: Եվ իսկապես, առավոտյան լեռնա-տրանսպորտային ջոկատը մաքրեց ճանապարհը և իր ջորիներով այնտեղ հասավ: Այնժամ խեղճերին բաց թողեցին իրենց տները: Պետք է հիանալ և պարծենալ Էլլադայի այդպիսի դեռատի դուստրերով, որոնք չեն մերկացել աստվածային շնորհից, այլ փաթաթվել են դրանով: Իսկ այն ողորմելի կենդանին, թող Աստված ինձ ների, գնաց հրամանատարի մոտ և զեկուցեց, որ իբր «այսինչ զինվորը կոտրելով բացել է մատուռը և տրանսպորտային միջոցները մտցրել այնտեղ», այսինքն՝ ջորիներին: «Ոչ,- պատասխանեց նրան հրամանատարը,- չեմ հավատում, նա ընդունակ չէ նման բանի»: Վերջ ի վերջո այդ մարդը բանտում հայտնվեց:
1) Հայր Օգոստինոսի մասին տես՝ Старец Паисий. Отцы-святогорцы и святогорские истории. Свято-Троицкая Сергиева Лавра, 2001. С. 76-83.
2) Տես՝ Жития Святых. Месяц февраль, день 13. Житие Преподобного Мартиниана и святых жен Зои и Фотинии
3) Այդ զինվորը Արսենիոս Էզնեպիդիսն էր՝ ապագա երանելի հայր Պաիսիոսը: Նկարագրված դեպքը տեղի է ունեցել Քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1944-1948թթ.:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը