Բանակցային բրյուսելյան հարթակը վարկաբեկվեց ու տապալվեց. հերթը Մոսկվայինն ու Վաշինգտոնինն է

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ծրագրվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման տապալման ֆոնին ՀՀ այցելեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյան-Կլաար հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի շուրջ: Կողմերը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը»,- ասված էր հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը:

Կլաարը հանդիպել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, և ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

«Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և կարևորել վերջինիս դերը»,- ասված էր ԱԳՆ հայտարարությունում:

Իր այցը Կլաարն ավարտել էր թվիթերյան գրառմամբ՝ նշելով, որ կարճատև այց էր, սակայն բովանդակային հանդիպումներ էին Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: ԵՄ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ Երևանից հետո ուղևորվում է Ստամբուլ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ԵՄ ներկայացուցիչը եկել էր Հայաստան՝ իրազեկվելու, թե ինչպիսին է լինելու բրյուսելյան միջնորդության ապագան, հաշվի առնելով, որ նախատեսվող հանդիպումը չկայացավ Երևանի նոր պայմանի պատճառով:

Տարասովի խոսքով, դատելով հաղորդագրություններից, քննարկվել է ԵՄ դիտորդական առաքելության ապագան ևս, քանի որ այդ առաքելությունը տեղակայվել էր երկու ամսով՝ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը այսօր կարծես անհնար է թվում նման ժամանակահատվածում:

«Կան տեղեկություններ, որ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի»,- նկատեց նա:

Ուշագրավը, ըստ նրա, այն է, որ Մակրոնի մասնակցության պայմանի պատճառով փլվում է երկար ժամանակահատվածում ձևավորված մի ձևաչափ: Նրա խոսքով, այստեղ կարծես կա հայ-ֆրանսիական համակարգում, քանի որ Ֆրանսիայի կառավարության անդամներն ակնարկել են, որ Փարիզի մասնակցությունը բանակցային գործընթացին կարևոր է Երևանի համար:

«Կարծես Փարիզը դրան դեմ չէ, եթե նույնիսկ բրյուսելյան ձևաչափը չի ստացվում, ավելին, կարող է դրա փոխարեն առաջ գալ Մոսկվան»,- նկատեց Տարասովը:

«Չի բացառվում, որ հայկական կողմն ինչ-որ փուլում դժգոհ է մնացել ԵՄ միջնորդությունից և ԵՄ դիրքավորումից տարածաշրջանում, որոշելով այլ տարբերակ փորձել: Գուցե ընկալում կա, որ ԵՄ-ն ադրբեջանամետ կողմ է, հավասարակշռության համար հարկավոր է Մակրոնը, քանի որ գործընթացի մեծ մասը փակ է, բարդ է ասել, սակայն այստեղ կա լուրջ թեմա, թե ինչու հայկական կողմը փորձեց փոխել բրյուսելյան ձևաչափը և շարունակում է պնդել:

Սակայն ըստ էության Բրյուսելյան հանդիպման ձախողումից հետո ՌԴ նախագահի խոսնակը խոսում է Սանկտ Պետերբուրգում պլանավորվող հանդիպման մասին, իսկ դրանից առաջ Բիշքեկում է նախատեսվում Պուտին-Փաշինյան հանդիպում։ Ալիև-Պուտին ինտենսիվ կոնտակտներ եղան նաև նախորդ ամիս, ՌԴ նախագահը խոսեց հնարավոր Խաղաղության պայմանագրի մասին, Սերգեյ Լավրովը խոսեց Պրահայի պայմանավորվածությունների մասին, Ադրբեջանը նոր պրոյեկտ փոխանցեց Հայաստանին, և դա է ներկայումս ինտենսիվ քննարկվում:

Ոչ միայն Կլաարի, այլև ամերիկացի ներկայացուցիչ համանախագահ Ռիքերի այցն ուներ նույնպիսի նպատակ՝ նոր թափ հաղորդել արևմտյան բանակցային ձևաչափին, սակայն դրանք չհաջողվեցին, քանի որ սեպտեմբերյան սրացումը կարծես լիովին վարկաբեկեց Բրյուսելի՝ Միշելի, դերն ու միջնորդությունը»,- ասաց վերլուծաբանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Արևմուտքը՝ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը, Հարավային Կովկասը դիտարկում են մեկ ամբողջություն՝ բոլոր խնդիրները և հարավկովկասյան բոլոր երկրներին դիտարկելով մեկ զամբյուղում:

«Դրա ապացույցն այն է, որ Ռիքերը, բացի Բաքու և Երևան այցելելուց, այցելում է նաև Թբիլիսի, իսկ ԵՄ ներկայացուցիչը՝ նաև Ստամբուլ, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները ևս դիտարկվում են այս նույն փաթեթում: Սակայն, եթե Բրյուսելը վարկաբեկել է իրեն, ապա Վաշինգտոնը դեռ լուրջ խաղադրույքներով կոմբինացիաներ է խաղարկելու Հարավային Կովկասում, հանուն որի էլ Ռիքերն ակտիվ աշխատում է: Եվ հասկանալով այս հեռանկարը՝ բարդ է ասել, թե ինչպես ու որ հարթակում կընթանա բանակցային գործընթացը: Առաջիկա ժամանակահատվածում և ամիսներին բանակցային գործընթացի առաջին պլան կմղվի Մոսկվան, սակայն կլինի լայն դաշտ նաև Վաշինգտոնի ջանքերի համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս