![](/banners/BeFunky-design.jpg)
Շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը կբարձրանան
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/1099282.jpg)
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը բարձրացնել:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Նախագծերով առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլատվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տեղական տուրք նաև շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: Մինչև այս պահը տեղական տուրք սահմանված է միայն շինարարության թույլտվությունների տրամադրման համար, ժամկետների երկարաձգման համար տուրք սահմանված չէ»,-ասաց փոխնախարարը:
Առաջարկվում է, որ շինարարության թույլտվության ժամկետի ավարտին՝ անկախ ավարտվածության աստիճանից, տվյալ գույքային միավորը հարկվի այնպես՝ ինչպես կհարկվեր, եթե այն լիներ ավարտված:
«Միաժամանակ առաջարկվում է տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացումը անհատական բնակելի տների մասով կիրառել միայն Երևան քաղաքի վարչական տարածքում, իսկ սահմանամերձ բնակավայրերում այս բարձրացումներն առհասարակ չկիրառել»,-ասաց Պողոսյանը:
Առաջարկվում է անշարժ գույքի հարկով հարկել նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները, պետական և համայնքային սեփականության հողամասերի կամ շինությունների անհատույց մշտական օգտագործողներին, ինչպես նաև կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված պետական և համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողներին՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների, շենքերի կառույցների մասով: