Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին 5 տարվա ընթացքում հատուցում է տրամադրել 4855 շահառուի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. տարեսկզբից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը հատուցում է տրամադրել 4855 շահառուների՝ զոհվածների, անհետ կորածների ընտանիքների և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողների:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած հաշվետվություններից:
2022 թվականի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ գրանցվել է 176 նոր դեպք՝ 62 զոհված, 96 անհետ կորած, 4 առաջին կարգի և 14 երկրորդ կարգի հաշմանդամներ:
Զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողներին 2022թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է 11.1 միլիարդ ՀՀ դրամի հատուցում, իսկ 2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակ՝ 65.3 միլիարդ ՀՀ դրամի հատուցում:
Ըստ հաշվետվության՝ 2017թ. մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը նվիրաբերությունները կազմել են շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ:
2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը, նվիրաբերությունների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 80 հազար, իսկ միջին նվիրաբերության գումարը` 112,000 ՀՀ դրամ:
Ամենաշատ նվիրաբերություններ կատարվել են 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Տարեսկզբից մինչև 2021թ. 3-րդ եռամսյակն արձանագրված ցուցանիշների համեմատ ընթացիկ նվիրաբերությունները նվազել են 61%-ով: Նվիրաբերությունների թիվը և միջին չափը նույնպես նվազել են` համապատասխանաբար 53%-ով և 17%-ով։ Դա բացատրվում է հետպատերազմյան իրավիճակով, քանի որ պատերազմի ժամանակ նվիրաբերությունները սովորաբար կտրուկ աճ են ցույց տալիս, ինչն արտահայտվել է 2020թ. արդյունքներում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը հիմնադրվել է 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 84․8 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ։