Ուկրաինայի պետական պարտքը փետրվարից ի վեր 45 տոկոսով ավելացել է

Ուկրաինայի պետական պարտքի ծավալը գրիվնայի համարժեքով ավելացել է 45 տոկոսով և, ընդհանուր առմամբ, մոտենում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80 տոկոսին, հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:

Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Ժելեզնյակի խոսքով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 93,5 միլիարդ դոլար: Փետրվարից պարտքը գրիվնայի համարժեքով «ավելացել է 45 տոկոսով (ներքինը՝ 23 տոկոսով, արտաքինը՝ 63 տոկոսով): Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքի ծավալը մոտենում է ՀՆԱ-ի 80 տոկոսին», – գրել է պատգամավորն իր Telegram-ալիքում:

Ավելի վաղ Գերագույն ռադայի ֆինանսների, հարկային և մաքսային քաղականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դանիիլ Հետմանցևը ներկայացրել էր տվյալներ, որ ընթացիկ տարվա վերջին պարտքի բեռն սպասվում է ՀՆԱ-ի 90 տոկոսի, իսկ հաջորդ տարի՝ ՀՆԱ-ի մինչև 100 տոկոսի մակարդակում: Ըստ Ուկրաինայի կառավարության վերջին կանխատեսման՝ ՀՆԱ-ն 2022 թվականին կհասնի 4,73 տրիլիոն գրիվնայի (128,59 միլիարդ դոլարի):

Գերագույն ռադայի բյուջեի հարցերով հանձնաժողովում հայտնել են, որ ըստ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի՝ պետական պարտքի վերջնական ծավալն ավելացվել է մինչև 6,42 տրիլիոն գրիվնա (ավելի քան 172,7 միլիարդ դոլար), ինչը կազմում է ՀՆԱ-ի՝ հաջորդ տարվա համար կանխատեսվող մակարդակի 102,3 տոկոսը՝ ավելի քան 6,27 տրիլիոն գրիվնա (շուրջ 169 միլիարդ դոլար): Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, այս տարի Ուկրաինայի բյուջեի եկամտային մասը միայն մեկ երրորդով է կազմված սեփական աղբյուրներից, մնացած երկու երրորդը ձևավորվել է արտասահմանյան դրամաշնորհների և վարկերի հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս