Բաժիններ՝

Պետությունը մտադիր է արտահանողների լոգիստիկ խնդիրները մեղմել օդային կանոնավոր բեռնափոխադրումների իրականացմամբ. փոխնախարար

Հայաստանի կառավարությունը արտահանողների գլխավոր խնդիրների մեկը՝ լոգիստիկ հարցերը լուծելու, Լարսի անցակետի հերթերի խնդիրը մեղմելու համար բացի լաստանավային հաղորդակցությունից, աշխատում է նաև բեռների կանոնավոր ավիափոխադրումներ հաստատելու ուղղությամբ, նախնական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ, ռուսական կողմը ևս շահագրգիռ է այս հարցով: Պետությունը նաև քայլեր է իրականացնում, որպեսզի արտահանողների համար նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն ևս ստեղծի: «Արմենպրես»-ը Հայաստանից արտահանման, արտահանողների խնդիրների մասին է զրուցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ:

-Պարոն Տերյան, այս տարի 9 ամսում արտահանումն աճել է ավելի քան 63 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 509 մլն 421 հազար դոլար,10 ամսվա կտրվածքով աճը 71.2 տոկոս էր, ի՞նչն է առավելապես նպաստել նման աճին:

-Առաջին 10 ամսում հավասարապես աճել է և՛ արտահանումը, և՛ ներմուծումը: Արտահանման ծավալը ապահովվել է հիմնականում ավանդաբար արտահանվող ապրանքախմբերի արտահանման հաշվին, այդ թվում՝ պատրաստի սննդամթերքի, թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքների, ադամանդի, ինչպես նաև ապրանքների, որոնք նախկինում չեն արտահանվել: Անշուշտ, այս իրավիճակի վրա նաև ազդեցություն է ունեցել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը: Մեր երկիրը մեծ հաշվով կարողացել է օգտվել բացված հնարավորություններից: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի տնտեսավարողները կարողանում են ճիշտ կողմնորոշվել և մտնել, օրինակ, ռուսական շուկա, որտեղից հեռանում են այս կամ այն ընկերությունները: Նաև սրա հետ է կապված ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման բավականին մեծ աճը:

-Նախարար Վահան Քերոբյանը հույս էր հայտնել, որ Հայաստանը շուտով կդադարի զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ: Սակայն արտահանման ծավալներում այս տարվա առաջին 9 ամսում ամենամեծ բաժինն ունեցել է հենց հանքահումքային արտադրանքը՝ 785 մլն 398.5 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2 անգամ: Ինչո՞վ կբացատրեք սա: Ինչո՞ւ ենք շարունակում առաջատար լինել այս արտադրատեսակի արտահանմամբ:

-Հանքարդյունաբերությունը սկզբնական շրջանում մեր տնտեսության շարժիչ ուժն էր, որը բավականին մեծ կշիռ է ունեցել թե՛ արտահանման, թե՛ ընդհանուր տնտեսության մեջ: Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով մենք մատնանշել ենք արդյունաբերության 5 գերակա ոլորտներ, որոնք, մեր կարծիքով, ունեն աճի մեծ պոտենցիալ, այդ թվում՝ արտահանման աճի պոտենցիալ: Այդ ուղղություններն են թեթև արդյունաբերությունը (տեքստիլ), մեքենաշինությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը: Այս պահին մենք կենտրոնացած ենք այդ ոլորտների վրա, և պետական աջակցության ծրագրերն ուղղված են նաև այդ ոլորտներին: Մասնավորապես, թեթև արդյունաբերության արտահանումն 9 ամսում աճել է 16 տոկոսով, իսկ դրա մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 6,6 տոկոս՝ 2021 թվականի 4,6 տոկոսի դիմաց։ Մեքենաշինության մեջ աճը կազմել է 10,6 անգամ, ոսկերչության և ադամանդագործության ոլորտում՝ 2,7 անգամ, քիմիական և դեղագործական արդյունաբերության մեջ՝ 2 անգամ։ Այսինքն՝ միայն հանքարդյունաբերությունը չէ, որ աճել է, աճ կա նաև մյուս ոլորտներում: Առաջին 10 ամսվա տնտեսական ակտիվության 14.5 տոկոս աճը շատ բալանսավորված աճ է:

-Ո՞րն է Հայաստանի թիրախը, հատկապես ո՞ր արտադրատեսակներով ենք ձգտում աշխարհի տարբեր շուկաներում ներկայություն ապահովել:

-Մեր թիրախն է առաջին հերթին զարգացնել մշակող արդյունաբերությունը: Մենք կենտրոնացած ենք կառավարության ծրագրով նախանշված 5 գերակա ոլորտների վրա: Համարում ենք, որ հենց այդ ոլորտների արտադրատեսակներն էլ արտահանման համար ամենամեծ պոտենցիալն ունեն: Այդ ոլորտների զարգացման համար իրականացնում ենք աջակցության ծրագրեր, այդ թվում՝ վարկի, լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը նոր սարքավորումների ձեռքբերման համար: Դա թույլ է տալիս հայկական ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, արտադրանքը միջազգային շուկայում դարձնել առավել մրցունակ և ավելացնել արտահանման ծավալը: Այն ընկերությունները, որոնք արդեն օգտվել են այդ ծրագրերից, իրենց համար բացել են նոր շուկաներ, ոչ միայն ավանդական շուկաներ, այլ նաև նոր շուկաներ:

-Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունները որո՞նք են, ի՞նչ նոր շուկաներ են բացվել և կարող են բացվել առաջիկայում:

-Արտահանման ավանդական շուկաներն են մեզ համար ԵԱՏՄ երկրները, Չինաստանը: Բայց այս տարի մեր հարաբերությունները, մեր ապրանքաշրջանառությունը զարգացել է նաև Իրանի հետ: Մեր տնտեսավարողները դիտարկում են նաև այլ շուկաներ՝ Կատար, Էմիրություններ: Հարաբերությունների մեծ պոտենցիալ կա նաև Հնդկաստանի հետ: Մենք հիմա աշխատում ենք այն միջոցառումների ուղղությամբ, որոնք թույլ կտան արտահանողներին դուրս գալ նաև նոր շուկաներ: Կան շուկաներ, որտեղ հայկական ապրանքները շատ քիչ են, և պետք է այդ ուղղությունները ևս զարգացնենք: Մեր թիրախն այն է, որ կախվածություն չունենանք կոնկրետ մեկ շուկայից: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում առկա ռիսկերը չեզոքացնելու համար պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտահանման պորտֆելը: Հայաստանում կա արևային պանելներ արտադրող ընկերություն, արտադրության ծավալները գնալով ավելանում են, և դրանց արտահանման հիմնական շուկան ԱՄՆ-ն է: Դա լավ օրինակ է:

– Պարոն Տերյան, արտահանողների առաջնային խնդիրներից է Լարսի անցակետի հերթերի հարցը, որը պարբերաբար սրվում է: Խնդիրը թեթևացնելու համար նախատեսվում էր լաստանավային հաղորդակցության գործարկում, ինչը, սակայն, ձգձգվում է: Վերջիվերջո կա՞ գործարկման հստակ ժամկետ, այս պահին ի՞նչ խնդիրներ կան այս մասով:

-Ճիշտ եք, մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է, գործարկումը սկզբում նախատեսվում էր հունիսին, հետո՝ օգոստոսին: Կարծում ենք, որ հիմա բանակցությունների վերջնական փուլում ենք մեր վրացի գործընկերների, Փոթիի նավահանգստի օպերատորի հետ: Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները դժվարացնում են Փոթիի նավահանգստի օպերատորի հետ համագործակցությունը: Փոթիի նավահանգիստը ղեկավարում է հոլանդական APM ընկերությունը: Մենք այժմ համաձայնեցնում ենք պայմանները, որոնք վերաբերում են ապրանքների տեսակների, նավի մուտքի թույլտվության հարցին: Օրինակ՝ այսօր մենք կարող ենք պայմանավորվել մի նավի վերաբերյալ, սակայն այն կարող է հայտնվել պատժամիջոցների ցանկում: Իմ կարծիքով՝ մենք բավականին մոտ ենք լաստանավային հաղորդակցության գործարկմանը:

Լարսի անցակետի խնդիրը պետք է լուծվի: Հիմա արդեն հերթեր են, քանի որ ռուսական կողմը խստացրել է վերահսկողական միջոցառումները՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ կապված: Այս պահին մեկ մեքենայի ստուգման ընթացքն ավելի երկար է տևում: Սակայն մենք մեր ռուս գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, պայմանավորվածություն ունենք, որ նրանք մեծացնելու են, այսպես կոչված, ռենտգեն սարքավորումների քանակը, որոնք ստուգում են մեքենաները: Եվ մենք ամենօրյա ռեժիմով հետևում ենք մեքենաների քանակին, որոնք անցնում են Վերին Լարսի անցակետը՝ թե Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Ռուսաստանից դեպի Հայաստան: Այդ հարցը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Նաև ուզում եմ նշել, որ բացի լաստանավային հաղորդակցությունից, մենք նաև զբաղվում ենք բեռների կանոնավոր ավիափոխադրումների իրականացման ուղղությամբ: Նախնական փուլում ենք, մենք որոշ գործընկերների հետ քննարկում ենք այն պայմանները, որոնք կարող են առաջարկվել մեր արտահանողների և ներմուծողների համար: Բեռնատար օդանավով, իհարկե, չի կարելի արտահանման ամբողջ ծավալը ծածկել, սակայն կարելի է ծածկել զգալի մասնաբաժինը: Ռուսական կողմը ևս հետաքրքրված է, որ դա գործի: Օդային բեռնափոխադրման համար հիմնական պահանջարկն այն ապրանքների մասով է, որոնք տեղափոխվում են ռուսական շուկա: Եվ առաջին ուղղությունը հենց ռուսական շուկան կլինի: Հետո առաջ կշարժվենք՝ ըստ արտահանողների կարիքների:

-Արտահանողների համար ակտուալ խնդիր է շարունակում մնալ նաև դոլարի փոխարժեքի նվազման հարցը: Այս հարցը, տնտեսավարողներին հնարավոր աջակցության վերաբերյալ հարցը շատ քննարկվեց: Ի վերջո, պետությունն ի՞նչ է նախատեսում, աջակցության ի՞նչ տարբերակներ են քննարկվում: Հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Մենք տեղյակ ենք այն խնդիրներին, որոնց բախվում են մեր արտահանողները: Եվ մենք հիմա, ինչպես նրանց հետ, այնպես էլ նախարարության ներսում մտածում ենք աջակցության այն միջոցառումների մասին, որոնք կարող են լինել: Սակայն ցանկանում եմ նաև նշել, որ տնտեսագետների կանխատեսումներով դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը միջնաժամկետ հեռանկարում կփոխվի, ինչը կհավասարակշռի իրավիճակը:

– Արտահանողների համար այլ ի՞նչ խնդիրներ կան այս պահին, և պետությունն ի՞նչ քայլեր է նախապատրաստում իրականացնել դրանց լուծման ուղղությամբ:

Հիմնական են լոգիստիկ խնդիրներն ու փոխարժեքի հետ կապված հարցը: Ամենացավոտ խնդիրը լոգիստիկան է: Մենք աջակցության մի քանի ճանապարհներ ենք տեսնում, այդ թվում՝ նոր ուղղությունների բացումը: Իրանը կարող է մեր տնտեսավարողների համար նոր ուղղություն լինել: Ինչպես նաև դիտարկում ենք լաստանավային հաղորդակցության գործարկումը, ինչի շրջանակում պետությունը սուբսիդավորում կանի: Կան նաև պետական աջակցության ծրագրեր, որոնք լավացնում են ընկերությունների ֆինանսական վիճակը: Առաջին 10 ամսում արտահանման 71 տոկոս աճ ունենք՝ չնայած առկա դժվարություններին: Եթե դրանք էլ լուծենք, կարծում եմ, որ մեր տնտեսավարողներն ավելի լավ արդյունքների կհասնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս