Զասը կարևորել է Հայաստանին օգնության միջոցառումներ տրամադրելու մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը
Ստանիսլավ Զասն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ:
«ՀԱՊԿ Խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց Հայաստանի Հանրապետության համար»,-այսօր Կազմակերպության՝ Մոսկվայում կայացած Խորհրդարանական վեհաժողովի նիստում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Տեղեկությունը փոխանցում է Tass.ru-ն:
«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում եղել է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և մեր կազմակերպության օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ, որի արդյունքներով նախապատրաստվել է ՀԱՊԿ Խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու միջոցառումների վերաբերյալ: Այն քննարկվել է Խորհրդի՝ նոյեմբերի 23-ի նիստում: ՀԱՊԿ երկրների ղեկավարների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը: Հուսով եմ, որ որոշ վերանայումից հետո մենք կստորագրենք այս որոշման նախագիծը և կձեռնարկենք այդ միջոցները։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»,- նշել է նա։
Զասն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով, չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր, իրար չհամընկնող գնահատականներին, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։
«Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մի շարք՝ վեց կետից բաղկացած, որոնք հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից. միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ է»,- պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Ըստ նրա՝ դա և լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական աշխատանքն է՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և դիտորդական առաքելության երկարաձգումը ևս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ բարդ տեղանքներում, ինչը թույլ կտա արագ անհրաժեշտության դեպքում արագ միջոցներ ձեռնարկել, և ռազմատեխնիկական օգնության տրամադրումը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: