«Մենք պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն րոպե կարող է լինել»․ Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամու վերջին հարձակումից հետո մարզում, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում տիրող իրավիճակին, ասաց, որ ամեն ինչ աստիճանաբար վերականգնվում է։ Նաև հայտնեց, որ տուժած գործարար ոլորտին օժանդակություն տրամադրելու ուղղությամբ ծրագրեր են մշակվում․

«Ծրագրերի առումով բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և Էկոնոմիկայի նախարարության, և հյուրանոցների տնօրենների հետ, որպես այդպիսին, գործարկվող ծրագրեր այս պահին չկան, բայց ծրագրերի նախագծեր քննարկվում են։ Հյուրանոցների տնօրենների, նաև մեր դրսի գործընկերների հետ քննարկել և լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում հյուրերի վախի մթնոլորտի հաղթահարման հետ կապված։ Ասեմ, որ բավականին առաջընթաց ունենք, հյուրանոցներ կան, որ արդեն հյուրերով ծանրաբեռնված են, Նոր տարվա հետ կապված՝ մարդիկ համարներ են ամրագրել, որ գան, Ջերմուկում հանգստանան, ինչը լրացուցիչ ոգևորություն է մեզ համար»։

Լրագրողները Վայոց ձորի մարզպետից հետաքրքրվեցին՝ արդյոք Ջերմուկի ճոպանուղին գործո՞ւմ է․

«Ոչ, ճոպանուղին չի գործում, դժվար է այս պահին ասել, թե երբ կգործի։ Լարեր և տարբեր մասեր են վնասվել, որը լրացուցիչ ուսումնասիրություն և աշխատանքներ է պահանջում։ Ամեն ինչ անում ենք, որ մոտ ապագայում գործի, որովհետև տուրիստական մթնոլորտի անբաժանելի մասն է դա»։

Կարդացեք նաև

Սահմանային իրավիճակի վերաբերյալ էլ մարզպետը նշեց, որ սեպտեմբերի ագրեսիայից հետո որևէ փոփոխություն չի գրանցվել․

«Իրավիճակը ոնց կար, այդպես էլ մնացել է, լարվածություն չի եղել, կարող է ինչ-որ թեթև  միջադեպեր եղած լինեն, բայց ընդհանուր որևէ լարվածություն չունենք։ Մենք ապրում ենք պատերազմի իրավիճակում, սպառնալիքը կարող է ցանկացած պահի առաջանալ»։

Հարցին՝ Ջերմուկ քաղաքում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցների հետ հանդիպում եղե՞լ է, ի՞նչ են արձանագրել նրանք, արդյոք հնարավո՞ր է՝ երկարաձգվի նրանց առաքելության ժամկետը, Արարատ Գրիգորյանն այսպես արձագանքեց․

«Նրանց հետ պարբերաբար հանդիպում ենք։ Ժամկետների երկարաձգման հետ կապված որևէ բան չեն ասել, իրենք էլ տեղյակ չեն՝ կերկարաձգվի՞, թե՞ ոչ, որովհետև իրենք իրենց ղեկավարության հետ են աշխատում։ Իրենք փաստացի իրավիճակն են վերլուծում, եթե դեպքեր են լինում, արձանագրում են, նստած աշխատում են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս