Դիլետանտներով դիլետանտական քննարկման շոուբիզնեսյան ավարտը

Այսօր ԶԼՄ-ների հրապարակումներում բավականին շատ հանդիպեցին «Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, բարկացավ նախարար Անահիտ Ավանեսյանի վրա ու դուռը շրխկացնելով՝ դուրս եկավ» գլխագրով  հրապարակումներ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Լուսինե Բադալյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վիճաբանության խնդրո առարկան բժիշկների կրեդիտավորման հարցն էր:

Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար, բնական է, պարտադիր պայման է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորումը՝ մասնագիտական կարողությունների զարգացման, նոր ունակությունների և հմտությունների ձեռքբերման համար: Դրա համար բուժաշխատողները պետք է մասնակցեն սեմինարների: Սակայն այդ սեմինարներին մասնակցելու համար բժիշկը պետք է բացակայի աշխատանքից, ինչին դեմ են գործատուները:

Մյուս կողմից էլ, այդ կրեդիտները չհավաքելու դեպքում, ավտոմատ դուրս կմնան առողջապահական համակարգից: Ուստի նախագծում լրացում են անում՝ պարտադրելով գործատուին կրեդիտավորման համար բացակայող մասնագետների աշխատանքն ու աշխատավարձը պահպանել: Խոսքը միայն պարտադիր կրեդիտավորման մասին է:

Առհասարակ ակնհայտ է, որ ԱԺ մշտական հանձնաժողովը խնդիրներ ունի Առողջապահության նախարարության հետ: Նախկինում յոլա չէին գնում՝ Արսեն Թորոսյանի, հիմա էլ՝ Անահիտ Ավանեսյանի հետ:

Այս հանձնաժողովում երկու բժիշկ կա՝ Նարեկ Զեյնալյան, Արսեն Թորոսյան, մի բուժքույր, Լուսինե Բադալյանը, աներձագ Հրաչը…

Քննարկում էին առողջապահական հարցեր, առողջապահական ողջ ոլորտի աշխատակիցներին վերաբերող խնդիր… Անահիտ Ավանեսյանը, Լուսինե Բադալյանն ու աներձագ Հրաչը…

Ինչ-որ պահի Լուսինե Բադալյանը, որ քմծիծաղով էր լսում Անահիտ Ավանեսյանի պարզաբանումները, բարկացավ… Էական չէ՝ ինչ պահի… Մեխն այստեղ՝ «Լուսինե Բադալյանը բարկացավ Անահիտ Ավանեսյանի վրա» զավեշտալի նախադասությունն է:

«Ներողություն եմ խնդրում, արդեն 6 ամիս է՝ այս նախագիծը քննարկում ենք ու մենք նորից մտնում ենք փակուղի: Զրոյից պիտի սկսենք քննարկել: Արդեն բոլորը անգիր արեցին: Բայց եթե այս տարբերակով է քննարկվելու, ես քիչ հետո անուններով կսկսեմ արդեն խոսել, թե այդ որ հիվանդանոցի տնօրեններն են, որ այսպես են ասում, ու որ տնօրեններն են, որ այնպես են ասում: 90%-ն ասել է, որ դա ֆինանսական բեռ չի, ուրախացել են նախագծից: Շատ երկար դաշտային աշխատանք եմ կատարել մեկը ես՝ գնալով ընկնելով բոլոր բազմապրոֆիլ բուժհիմնարկները, պոլիկլինիկաները ու տնօրենների հետ խոսելով: Կսկսեմ անուններով նշել, թե ինչպես է քննարկումը գնում ու մտնում այսպես փակուղի»,- ասաց Լուսինե Բադալյանն ու խրոխտ քայլերով դուրս եկավ նիստի անցկացման սրահից:

Դժվար է ասել՝ հոգեբանական ինչ վիճակում է հիմա Անահիտ Ավանեսյանը ու ոնց է դիմանում, օրինակ, Լուսինե Բադալյանի ձայնի հոխորտալից տոնայնությանը: Հետաքրքիրը դա չէ, այլ այն, որ առողջապահական նման լուրջ կարևորության հարցերը քննարկվում են դիլետանտական մակարդակում, բժշկության ու առողջապահության հետ ըստ էության կապ չունեցող մարդկանց կողմից… Լուսինե Բադալյանը, Անահիտ Ավանեսյանն ու աներձագ Հրաչը… Հաաաա ու մեկ էլ մի բուժքույր…

Իսկ Արսեն Թորոսյանն ու Նարեկ Զեյնալյանը բարձր տրամադրություն ունեին: Բժիշկներն իրենք են, ի դեպ:

Տեսանյութեր

Լրահոս