Կառավարությունը կհաստատի ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության օրինակելի ձևերը
Արդարադատության նախարարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
«Գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք և լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» համապատասխան որոշումը, որը սակայն ընդունվել է դեռևս 2010 թվականին, երբ ներկայիս պետական կառավարման համակարգի մարմինները կոչվել են հանրապետական գործադիր մարմիններ:
Նման պայմաններում իրավական որոշակիության սկզբունքի կիրառությունն ապահովելու, ինչպես նաեւ գործող իրավակարգավորումների շարունակական արդիականությունը պահպանելու և ժամանակավրեպ լինելը բացառելու, ինչպես նաեւ իրավական ձևակերպումների հստակեցման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում ավելացնել նորմ, որով Կառավարությունը կհաստատի պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության օրինակելի ձևերը»,- ասաց Հարությունյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաև ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաև ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները։
«Հաշվի առնելով, որ պետական կառավարման համակարգի մարմնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկը ստեղծվում է պետական մարմնին և ենթակա պետական մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով, այսինքն, ըստ էության, պետական կառավարման համակարգի մարմնին ենթակա պետական մարմին է, առաջարկվող լիազորող նորմը տեղավորվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում»,- եզրափակեց Հարությունյանը։