«Նորից ընկա անդունդը». Լուսինե Կիրակոսյանը՝ թատրոնից հեռացվելու, առողջական խնդիրների, միայնակ ապրելու մասին

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Դերասանուհին տևական ժամանակ բարձրաձայնում էր, որ իրեն դեր չեն տալիս խաղալու, և հիմա, նրա խոսքով, հենց այդ պատճառաբանությամբ հեռացնում են թատրոնից:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում դերասանուհին ասաց, որ թատրոնի ղեկավարությունն իրեն միշտ հորդորել է սպասել, մինչև հարմար դեր կտան, բայց այդպես էլ չեն տվել:

«Երբևէ չի եղել որևէ դեր, որ տապալեմ կամ վատ խաղամ, ընդհակառակը՝ փոքրից դարձրել եմ մեծ: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, հենց դրա համար եմ ծնվել: Երևի պետք չէ ոչ մի բանի շատ նվիրվել, բայց ես ինչ գործ բռնում եմ, ում հետ ընկերություն եմ անում, լիովին եմ նվիրվում: Դիմել եմ նույնիսկ վարչապետի աշխատակազմ, այնտեղից պատասխանել են, որ և՛ վարչապետը, և՛ վարչապետի տեղակալները ընդունելություն չունեն: Ես լրիվ համոզված եմ, որ այդ նամակները հասցեատիրոջը չեն հասնում: Ես մի քանի տեղ գրել եմ, որ կյանքի և մահու հարց է, հրատապ է. չէ՞ որ ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում իմ կյանքը մի քիչ գոնե նորմալ վիճակի մեջ լինի: Ներկայիս ժամանակներն այնքան խառն են՝ պատերազմական վիճակ, հարձակումներ, կրակոցներ, զոհեր, թանկացումներ, հազար ու մի բան կա, բայց այդ խառը իրավիճակում չէ՞ որ ամեն մեկը անհատ է, իր կյանքն ունի, որ չմտածի, թե իզուր է ծնվել ու կյանքն իզուր անցավ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ բայց այդ խառը իրավիճակում մանկական Եվրատեսիլի են պատրաստվում, քաղաքն են զարդարում, այսինքն՝ այնպես չէ, որ ամեն ինչ միայն իր նշած հարցերի ուղղությամբ է կենտրոնացած, նա արձագանքեց.

Կարդացեք նաև

«Այո, ես երևի սխալ եմ, որ անընդհատ չեմ գնացել: Երբ դերի մասին խոսում էի, ասում էին՝ համբերիր, ես էլ համբերում էի: Իսկ երբ վերջին անգամ ինձ կանչեցին ստորագրելու, ես ուզեցի մտնել մեր թատրոնի ղեկավարի մոտ, նա ինձ չընդունեց, քարտուղարուհին էլ ասաց, որ նա ընդունելության օր ունի: Իմ թատրոնն է, ես հիմնադիրներից եմ, ես չեմ կարո՞ղ մտնել գլխավոր ռեժիսորի մոտ, ո՞նց կարելի է նման բան: Դռան մոտ պահակի նման կանգնել էին, ինձ չթողեցին, որ ներս մտնեմ: Ասացին՝ երկուշաբթի արի, այնտեղ լինելու է փաստաբան, ես էլ ասացի՝ հո իմ դատը չէ՞, ի՞նչ փաստաբան: Սկզբից չէի ուզում ստորագրել, բայց քանի որ ինձ անընդհատ զանգում էին, ներվերս չհերիքեց և գնացի՝ ստորագրեցի, որ հունվարի 1-ից չեմ աշխատելու: Բայց այսպես չի կարելի, ո՞նց կարելի է մարդուն դեր չտան, բայց ասեն՝ դեր չունի, դրա համար պետք է դուրս գա թատրոնից, որովհետև իբր քաղաքապետարանի մշակույթի բաժնից եկել-ասել են՝ այդ մարդը դեր չունի, ինչո՞ւ եք պահում, մենք շատ փող ունե՞նք, որ իրեն աշխատավարձ վճարենք: Եթե իսկապես եկել են, այդ ո՞նց է, որ դուք ամեն ամիս ձեզ պարգևավճարներ եք տալիս: Ամբողջ կյանքում աշխատել եմ, նոր եք աթոռները գտել՝ նստել վրան, այդքան փողը ստանում եք, ես էլ արժանի չեմ հա՞, որ 90 քանի հազար փող ստանամ ամիսը»:

Դերասանուհին երկու անգամ գնացել է Երևանի քաղաքապետարան, բայց այդպես էլ չի հաջողվել հանդիպել ոլորտի պատասխանատուի հետ. «Այնտեղ ասացին, որ դեռ չի եկել, ընդմիջման է, ժողովի է, նիստի է: Նրա քարտուղարուհին էր, ով էր, շատ կոպիտ և վիրավորական ձևով ասաց՝ ինքն այստեղ չէ, ու ատբոյ տվեց: Մշակույթի բաժնի վարիչի ձեռքի համարը ճշտեցի, հազար անգամ զանգեցի, հեռախոսը չվերցրեց: Անորոշ վիճակ է: Ես ուզում եմ իսկապես պարզվի՝ քաղաքապետարանն ափսոսո՞ւմ է այդ գումարը, թե՞ թատրոնն ուզում է ուղղակի ինձանից ազատվել, թե ինչի համար, չգիտեմ: Ես հոյակապ դերեր եմ խաղացել, ոչ մի դեր չեմ փչացրել»:

Նա շեշտեց. «Եթե դուք ինձ ընդունում եք՝ որպես Դրամատիկական թատրոնի դերասանուհի, բարի եղեք՝ դեր տվեք, եթե չկարողանամ խաղալ այդ դերը, այդ ժամանակ ասեք՝ հաջողություն, ոչ թե դեր չտան և հեռացնեն: Այդ ամենը սխալ է»:

Լուսինե Կիրակոսյանի եկամտի աղբյուրը թատրոնից ստացվող մոտ 100 հազար դրամ աշխատավարձն էր և հաշմանդամության թոշակը, և, փաստորեն, հունվարի 1-ից նա զրկվելու է աշխատավարձից:

«Իմ թոշակը ես միշտ օգտագործել եմ դրսի, ներսի կենդանիներին կերակրելու համար: Հագուստի մասին մտածելն ավելորդ է, մենակ եմ ապրում, հարազատներից մեծամասնությունը արդեն մեզ հետ չեն, իսկ ովքեր մնացել են, իրենք էլ մի լավ օրի չեն, որ կարողանան Գյումրիից ինձ օգնել: Հետո, ես ինձ թույլ չեմ տա, իմ ձեռքը որ մի բան լինում է, ես եմ մի բան անում նրանց համար»,- ասաց նա:

Դերասանուհին ունի նաև առողջական խնդիրներ, և առաջիկայում երկու վիրահատություն է նրան սպասվում. «Ես մի տարի առաջ վիրահատվեցի, այդ ժամանակ թատրոնն ինձ գումարով օգնեց, ինչի համար շնորհակալ եմ: Այդ ժամանակ վիրահատությունը սխալ կատարեցին, և երկրորդ անգամ պետք է վիրահատվեմ: Սիրտս լավ չէ, որովհետև այդքան նյարդային վիճակներ, մենակություն, դեր չստանալ, անտեսված լինել… Ես շատ զգայուն մարդ եմ, այդ ամենն առողջությանս վրա ազդում է»:

Դերասանուհին մի առիթով ասել է, որ երբ տուն է գնում, երազում է, որ որևէ մեկն իր առջև ուտելու բան դնի, բայց քանի որ մենակ է, իրեն զբաղեցնում է տարբեր բաներով ու մոռանում է ուտելու մասին:

«Այս մի քանի օրը Գյումրուց փոքր եղբորս կինը, հարսը և թոռնիկն էին եկել ինձ մոտ, ես նոր եմ տեղափոխվել, օգնում էին: Իրենք էլ էին լսել այդ երազանքիս մասին, տարբեր բաներ էին պատրաստում, ասում էին՝ երազանքդ կատարվեց: Այնքան լավ-լավ բաներ էին սարքում: Այդպես, երազանքս մի քիչ կատարվեց, բայց հիմա նորից ընկա անդունդը»,- ասաց դերասանուհին:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս