
Մեր ամենամեծ խնդիրը եղել է այն, որ իշխող ուժը որևէ մեկի հետ չի ունեցել օրակարգ, Արցախի հարցում չի ունեցել կարմիր գծեր. ադրբեջանագետ

Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն էր տարածել ադրբեջանական կողմի հրադադարի հերթական խախտման մասին, իսկ Արցախի ՊԲ-ն՝ հերթական հերքումը Բաքվից հնչող այն ապատեղեկատվության վերաբերյալ, թե «ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով, Ադրբեջանն այս սադրանքներով փորձ է անում գնալ նոր էսկալացիայի:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետն ուշադրություն հրավիրեց նաև ադրբեջանական կողմի՝ էսկալացիա հրահրելու այլ «պատրվակների վրա», ինչպես, օրինակ, մեղադրանքները, թե իբրև Բերձորի միջանցքով զենք-զինամթերք է անցկացվում, կամ՝ ռուսական կողմին ուղղված կոչը՝ օգտագործել տեղանունների ադրբեջանական անվանումները:
«Վերջերս Ալիևը նորից շրջանառության մեջ դրեց տերմիններ, որոնցով փաստացի տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ-ին,- նշեց ադրբեջանագետը՝ շեշտելով, որ Ադրբեջանի՝ նոր գործողությունների գնալու փորձերն այս պահին զսպվում են ակտորների միջոցով,- Օրինակ, Արցախի հետ կապված աճող լարվածության ֆոնին ինտենսիվանում են Պուտին-Ալիև զանգերը. իմ դիտարկմամբ՝ հարցերից մեկն էլ հենց դա է՝ կանխել հնարավոր զարգացումները կոնկրետ այդ հատվածում»:
Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահի նյարդային վարքը շտապողականության նշան է:
«Ինքը հասկանում է՝ իրավիճակն այնպիսին է տարածաշրջանում (զարգացումներ Մերձավոր Արևելքում, ուկրաինական խնդիր)՝ նաև միջազգային տեսանկյունից անորոշության առումով, որ փորձում է գնալ նոր ագրեսիայի՝ իր խնդիրները լուծելու համար, որովհետև հասկանում է՝ թղթերով չի կարողանա լուծել:
Այսինքն՝ անքան հակասություններ կան հենց բուն միջնորդական առաքելություն իրականացնող կողմերի միջև, որ այդ ֆոնին ինչ-որ առումով նույնիսկ երկրորդական է դառնում Ադրբեջան-Հայաստան հակասությունը, ուստի այսօր չկա որևէ մեկը, որ կկարողանա երաշխավորել որևէ թղթի ստորագրման իրագործումը: Նման դերակատար չկա տարածաշրջանում:
Ադրբեջանն էլ օգտվում է հանգամանքից, որ ինքն այս պահին հանդես է գալիս իբրև կողմ, որը հաղթել է կռվում և փորձում է իր մաքսիմալիստական պլաններն արագորեն իրագործել՝ առանց սպասելու, ինչը դրսևորվում է մի քանի ճակատներով, օրինակ, տեղանունների պայքար, ԱԳՆ են կանչում են Նիդեռլանդների դեսպանին, որովհետև Նիդեռլանդների ներկայացուցիչը ՄԱԿ-ի ելույթում սեպտեմբերի ագրեսիան բնութագրել է ագրեսիա:
Գնում են բոլոր դերակատարների հետևից՝ անկախ իրենց ունեցած դերակատարումից, և փորձում են իրենց «ճշմարտությունները» պարտադրել»,- մանրամասնեց ադրբեջանագետը:
Այս համատեքստում անդրադառնալով նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածության և քարոզչական փոխհրաձգության մասին մեր հարցադրումներին՝ նա նկատեց, որ սա խորքային խնդիր է, քանի որ 2020 թվականի պատերազմի հետևանքով Իսրայելը մտել է տարածաշրջան՝ հստակ նպատակներով:
«Երբ Կովսականում խելացի գյուղերի անվան տակ իրականում հրեական ներդրումներ են արվում և ավելի կարևոր խնդիրներ են փորձում լուծել Իրանի դեմ, Իրանում հասկանում են՝ այս ամենը միջոց է իրենց շատ ավելի լուրջ խնդրի մեջ ներքաշել փորձելու համար: Այս ամենում տեղեկատվական դաշտն ընդամենն արտաքին շղարշն է. շատ ավելի լուրջ պրոցեսներ են, որոնք կործանարար կարող են լինել ողջ տարածաշրջանի համար:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտել է այդ հակաիրանական բլոկի մեջ և պատրաստ է տրամադրել օկուպացված տարածքները որպես հնարավոր պլացդարմ, իսկ դրա դիմաց իր պահանջներն է դնում Հայաստանի տարածքների հետ կապված: Դրա համար այստեղ գալիս է Իրանի խիստ դիրքորոշումը սահմանների անձեռնմխելիության հետ կապված, որը նաև ազդակ է Բաքվին՝ չգնալ այդ գործընթացների հետևից»,- հավելեց ադրբեջանագետը:
Տաթևիկ Հայրապետյանը հույս ունի, որ առկա իրավիճակում ՀՀ իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ներուժը, կապերը այն բոլոր միջազգային դերակատարների հետ, որոնք կարող են զսպել Ադրբեջանի ագրեսիան:
Արդյո՞ք ՀԱՊԿ շրջանակում հայկական կողմի չստորագրած փաստաթղթերը կունենան հետևանքներ այս գործընթացներում՝ ճշգրտող հարցին ի պատասխան՝ նա համոզում հայտնեց, որ սկզբունքային հարցեր կան, որտեղ պետք է դիրքորոշումը պահել:
«Ինչպե՞ս կարող է մի կառույց, որը կոչված է պաշտպանելու մեր անվտանգությունը, կամ օժանդակելու այդ հարցում, չընդունի ագրեսիան որպես փաստ՝ այն պատճառով, որ կառույցում գտնվող երկրներից շատերն ունեն սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ:
Սակայն, կարծում եմ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններն ուռճացված և քարոզչական են. Հայաստանը նման գործընթացների չի գնա, բայց նաև՝ ՀՀ-ն պետք է որոշակի կամք թելադրի ոչ միայն ՀԱՊԿ-ում, բայց նաև՝ այլ կառույցներում և այլ միջնորդների հետ: Մեր ամենամեծ խնդիրը հատկապես 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո եղել է այն, որ իշխող ուժը չի ունեցել օրակարգ որևէ մեկի հետ, չի ունեցել Արցախի հարցում կարմիր գծեր. դրա համար եկել-հասել ենք այս հանգրվանին: Իրենք սկզբում հրաժարվում էին իրենց նախընտրական ծրագրից, հետո՝ Կառավարության ծրագրից, հետո՝ հայտարարություններից:
Ժամը մեկ կարող են հայտարարություն փոխել. այս գործելաոճը շատ վտանգավոր է, մեծ անորոշություն է ստեղծում, և ես դա անվանում եմ «քաղաքական ավանտյուրա»: Այսինքն՝ մտածել, թե իբրև մանևրում ես՝ մեկին մի բան ես ասում, մյուսին՝ այլ բան, բայց դա գին ունի, և այդ գինը հենց պետությունն է վճարում: Ուստի ես կգերադասեմ՝ իրենք հստակ լինեն իրենց դիրքորոշումներում, և կոնկրետ այս հարցում, որ սեպտեմբերի ագրեսիան ագրեսիա էր, պետք է այդ փաստը արձանագրվի»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը: