Բաժիններ՝

Նախաճաշի 3 բաղադրատոմս անշտապ հանգստյան օրերի համար

Շոկոլադե նրբաբլիթներ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 3/4 բաժակ
2. Կակաո – 80 գ
3. Ձու – 2 հատ
4. Կեֆիր – 100 մլ
5. Կաթ – 100 մլ
6. Կարագ – 40 գ
7. Ձիթայուղ – 2 ճ/գ
8. Շաքարավազ
9. Աղ

Կարդացեք նաև

Պատրաստման եղանակը

1. Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից։ Սպիտակուցները դնել սառնարանը, իսկ դեղնուցները հարել շաքարավազի հետ։

2. Դեղնուցներին ավելացնել կակաոն և նախապես հալեցրած կարագը։ Շարունակելով հարել՝ լցնել կաթը, կեֆիրը և ալյուրը։

3. Սպիտակուցները հարել մի պտղունց աղով, մինչև պնդանա և նրբորեն լցնել շոկոլադե խառնուրդի մեջ, խառնել։

4. Ձիթապտղի յուղով տաքացրած տապակի մեջ տապակել բլիթները 2 րոպե յուրաքանչյուր կողմից։ Մատուցել քերած կամ հալեցրած շոկոլադով։

Վարսակի շիլա խուրմայով

Բաղադրիչներ

1. Վարսակի փաթիլներ – 50 գ
2. Խուրմա – 100 գ
3. Կաթ – 100 մլ
4. Ջուր – 100 մլ
5. Քինոա – 10 գ
6. Դդումի սերմեր – 10 գ
7. Կտավատի սերմեր – 5 գ
8. Աղացած կոճապղպեղ
9. Հիլ
10. Դարչին

Պատրաստման եղանակը

1. Խուրման կտրատել բարակ շերտերով։ Քինոան և դդմի սերմերը միջին ջերմության վրա տապակել մոտ 3 րոպե:

2. Կաթն ու ջուրը լցնել կաթսայի մեջ։ Ավելացնել վարսակի փաթիլները, կտավատի սերմերն ու համեմունքները: Հասցնել եռման աստիճանի, նվազեցնել կրակը և եփել 5 րոպե՝ երբեմն խառնելով:

3. Շիլան լցնել ափսեի մեջ, վրան շարել խուրմայի շերտերը։ Շաղ տալ քինոա և դդմի սերմեր:

Վանիլային վաֆլիներ

Բաղադրիչներ

1. Կաթ – 170 մլ
2. Կարագ – 150 գ
3. Ալյուր – 150 գ
4. Ձվի սպիտակուցներ – 3 հատ
5. Շաքարավազ, վանիլին
6. Միրգ, շոկոլադ, մեղր, հարած սերուցք

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ տաքացնել կաթը և հալեցնել կարագը։ Ավելացնել վանիլինը։ Երբ զանգվածը տաքանա, կաթսան վերցնել կրակից և կամաց-կամաց ավելացնել ալյուրը: Հարել:

2. Սպիտակուցները և շաքարավազը հարել։ Ձվի սպիտակուցները նրբորեն լցնել ավելի վաղ պատրաստված խառնուրդի մեջ։

3. Վաֆլիներ պատրաստելու սարքը թեթևակիորեն պատել կարագով և եփել միջին հզորության վրա 5-7 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս