Կյանք փոխող հանդիպումը
Աստվածաշնչյան մի դրվագում պատվմում է այն մասին, թե ինչպես էր Քրիստոս շրջում Երիքովում։ Ամբոխն, ինչպես միշտ, հետևում էր Նրան, իսկ Զաքեոս անունով մի մարդ, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ Զաքեոսը բարձրացել էր ժանտաթզենու վրա, որպեսզի հենց այնտեղից տեսնի Քրիստոսին, իսկ Քրիստոս, հասնելով այն վայրն, ուր Զաքեոսն էր, «․․․վեր նայեց և ասաց.«Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է քո տանը գիշերեմ»։ Զաքեոսը շտապեց և իջավ ու նրան ընդունեց ուրախությամբ։ Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։
Իսկ Զաքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է, որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»» (Ղուկ․ 19։1-10)։
Աստվածաշնչյան այս դրվագում ներկայացված հանդիպումը փոխեց Զաքեոսի կյանքը։ Քրիստոսին տեսնելու նրա բուռն ցանկությունը մաքսապետին դրել էր ծիծաղելի իրավիճակի մեջ․ հայտնի պաշտոնյան մինչև անգամ ծառն էր բարձրացել՝ չնայելով, թե մարդիկ ինչ կմտածեն իր մասին՝ այս արարքի համար, որը բնավ բնորոշ չէ այդ աստիճանն ունեցող անձանց։ Սակայն, մյուս կողմից, իր այս արարքը ցույց է տալիս, թե որքան մեծ էր Քրիստոսին տեսնելու ցանկությունը։ Զաքեոսը Քրիստոսին ընդառաջ էր գնացել մաքուր սրտով։
Մաքսապետ Զաքեոսը բարձրացել էր ժանտաթզենին՝ խիտ տերևներով և բարձր մի ծառ, և թվում է, թե նա ցանկանում էր թաքնվել ծառի տերևների ետևում և ուսումնասիրել Քրիստոսին։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին․ Քրիստոս Ի՛նքը վեր նայեց և խոսեց Զաքեոսի հետ՝ նրան ցած կանչելով։
Երբեմն իսկապես մեզ թվում է, թե թաքնվել ենք Տիրոջից, քանի որ եթե Նրա առաջ երևանք մեր սխալներով, անպայման պիտի պատժվենք։ Սակայն Քրիստոս մեզ ոչ թե նայում է քննադատի աչքով՝ շարունակ ցույց տալու մեր սխալները, այլ Փրկչի աչքով՝ մեզ օգնության հասնելու համար։
Քրիստոս՝ Փրկիչը, Զաքեոսի մեջ տեսավ ոչ թե մաքսապետին, որին չէր սիրում հանրությունը, այլ մարդուն՝ Աստծո պատկերով։ Քրիստոս գիտեր, որ Զաքեոսը մեղավոր է, սակայն նրան չկանչեց ներքև խրատներ տալու և դարձի բերելու, այլ նրա տանն իջևանելու խնդրանքով դիմեց։ Զաքեոսն ուրախությամբ ընդունեց և ընդառաջ գնաց իր կյանքը փոխած այս հանդիպմանը։
«Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտն․ 3։20),- ասված է Հայտնության գրքում։ Քրիստոս, խոնարհեցնելով Իրեն, այսօր բախում է ամենքիս դռները։ Մե՛նք՝ ներսում գտնվողներս ենք որոշում՝ կբացե՞նք արդյոք դուռը, և արդյո՞ք կունենանք այն հանդիպումը, որ ունեցավ Զաքեոսը՝ հավերժ փոխելով իր կյանքը։